ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ խնդրելով Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումը մակագրել այլ դատավորի։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանանական թիմը` հավելելով, որ դիմումի պատասխանը հայտնի կլինի երկուշաբթի՝ մարտի 23-ին։
Հիշեցնենք` մարտի 1-ի գործով հերթական դատական նիստը, որը նշանակված էր մարտի 17-ին, չէր կայացել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Դանիբեկյանը վիրահատվել է, և ամենայն հավանականությամբ, առաջիկայում ևս չի ներկայանա դատական նիստերին։
Քոչարյանի փաստաբանները հայտարարել էին, որ մարտի 17-ի նիստում պատրաստվում են ներկայացնել երկրորդ նախագահին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։ Իսկ երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես էին եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը չի կայանա. դատավորը վատառողջ է