Հեռահար ներկայացում՝ «լեփ–լեցուն դահլիճով». Գյումրու տիկնիկային թատրոնն օգնեց «մնալ տանը»

Հայաստանի հնագույն տիկնիկային թատրոններից մեկը՝ Գյումրու տիկնիկային թատրոնը, տիկնիկային թատրոնի միջազգային օրը՝ մարտի 21-ը, նշանավորեց հեռահար ներկայացմամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Գյումրու Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը, միանալով «Մնա տանը» նախաձեռնությանը, առաջին անգամ իր մանուկ հանդիսատեսին ներկայացավ հեռահար ներկայացմամբ:

«Եթե հաշվի առնենք դիտումների քանակն ու տարածումը, կարող ենք ասել, որ «լեփ–լեցուն դահլիճ» էր: Սա շատ ուրախալի ու պարտավորեցնող է և լավ եղանակ` պարապուրդն արվեստով լցնելու»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Մանուկյանը։

Նա նշեց, որ Գյումրու տիկնիկային թատրոնը, ամեն տարի տիկնիկային թատրոնի միջազգային օրը՝ մարտի 21-ը, նշում է ամենատարբեր ուշագրավ ձեռնարկներով և բեմադրություններով։ Հաշվի առնելով հանրապետությունում արտակարգ դրության սահմանափակումները, որոշել են այս անգամ էլ օնլայն ներկայացումով նշանավորել օրը։ Ներկայացրել են Հովհաննես Թումանյանի «Բարեկենդանը»։

Sputnik Արմենիայի հարցին` արդյո՞ք արտակարգ իրավիճակից հետո նույնպես հնարավոր է այս պրակտիկան կիրառել, Մանուկյանը պատասխանեց, որ լավագույն տարբերակը կենդանի շփումն է:

«Սա միայն այս ընթացքում եմ լավ լուծում համարում, դրանից հետո կենդանի շփումն ավելի կարևոր է։ Ճիշտ է` էկրանից շատ բան կարող են դիտել, բայց կենդանի շփման ժամանակ դա այլ ազդեցություն է ունենում»,-նշեց Մանուկյանը` հավելելով, որ այս ընթացքում պատրաստվում են ևս մեկ օնլայն ներկայացում կազմակերպել երեխաների համար:

Հիշեցնենք` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում մարտի 16–ից ապրիլի 14–ը արտակարգ դրություն է սահմանվել։

Արցախցիները վայելել են Երևանի տիկնիկային թատրոնի ներկայացումները