Սարգսյանը զրուցել է Աֆեյանի հետ, որի ընկերությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութ է ստեղծել

ՀՀ նախագահը խոսել է Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հաղթահարման քայլերի մասին, Աֆեյանն էլ անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և փորձարկման աշխատանքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Արմեն Սարգսյանը տնային հանձնարարություն է տվել ուսանողներին ու մրցույթ հայտարարել

Ամերիկյան Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համահիմնադիրն ու նախագահը Նուբար Աֆեյանն է, ստեղծել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը մարտի 17-ից կլինիկական փորձարկումներ է անցնում Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնվող Kaiser Permanente առողջապահության հետազոտական ինստիտուտում:

Հեռախոսազրույցի ընթացքում Նուբար Աֆեյանն անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման և փորձարկման աշխատանքներին։

Զրուցակիցներն անդրադարձել են աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակին, ինչպես նաև վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին և դրանց արդյունավետությանը:

Սարգսյանը զրուցել է Աֆեյանի հետ, որի ընկերությունը COVID-19-ի դեմ պատվաստանյութ է ստեղծել

Նախագահ Սարգսյանը, խոսելով Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հաղթահարման քայլերի մասին, կարևոր է համարել նաև ջանքերի համատեղումը և համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 160-ի։