«Արցախը պետք է հաղթի նաև այս գլոբալ արհավիրքին». նախագահները հանդիպել են. տեսանյութ

ՀՀ նախագահը մեկնել է Արցախ։ Նա հանդիպել է իր արցախցի պաշտոնակցին։ Հանդիպման ընթացքում չեն շրջանցվել նաև կորոնավիրուսի ու Արցախում նախանշված ընտրությունների թեմաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ։ Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Արցախի լրագրողների հետ զրույցում Արմեն Սարգսյանը հայտնել է, որ հաճախ է այցելում Արցախ, այցելում է որպես տուն։

Զինված ուժերում պայմանները մոտեցվել են պատերազմական դրության ռեժիմին. Սահակ Օհանյան

ՀՀ նախագահն ասել է նաև, որ արցախցի պաշտոնակցի հետ խոսելու շատ բան ունի` ընդհանուր իրավիճակի, սահմաններին տիրող վիճակի, Արցախի տնտեսական զարգացման հեռանկարների ու ներդրումների հնարավորությունների, ինչպես նաև նախանշված նախագահական ու խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ու նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին։

«Շատ էական է, որ այս ընտրությունները լինեն նաև արդար։ Արցախցիները հերոսական ժողովուրդ են, հաղթած ժողովուրդ։ Արցախը մեծ հաղթանակներ է տարել, և արդար, ազատ ընտրությունները կլինեն ևս մեկ հաղթանակ։ Այս անգամ կլինի քաղաքական հաղթանակ՝ ցույց տալով բոլորին, նախ և առաջ իրենց՝ արցախցիներին, ողջ հայ ժողովրդին, Արցախի և Հայաստանի, հայ ժողովրդի բարեկամներին և նրանց, ովքեր բարեկամ չեն, այլ հակառակորդ են կամ թշնամի, որ այս պետությունը՝ Արցախի Հանրապետությունն, ամուր է, ունի հոյակապ կազմակերպված կառույցներ»,– ասել է նա։

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև կորոնավիրուսի վարակին, նշելով, որ Արցախը պետք է հաղթի նաև այս գլոբալ արհավիրքին։

«Քանի որ դեռևս չկա ընդհանուր դեղորայք, որը մարդկային արարածներին, անկախ իրենց ազգությունից, բուժում է կորոնավիրուսից, մենք գնում ենք դեռևս մեր հին՝ մարդկությանը ծանոթ դեղամիջոցին։ Եթե փորձեմ պարզ բառերով ձևակերպել՝ առաջին հերթին այդ դեղամիջոցը հոգատարությունն է, որովհետև կորոնավիրուսն ազդում է նախ և առաջ առողջությամբ թույլ և տարիքով մեծ անհատների վրա։ Հետևաբար, սեր ու հոգատարություն է պետք նրանց նկատմամբ, ովքեր թույլ են և տարեց»,– ասել է նա։

Ավելի ուշ Արմեն Սարգսյանը Ստեփանակերտում հանդիպել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Նախագահներն անդրադարձել են Հայաստանի և Արցախի համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի։

Նախագահները մտքեր են փոխանակել այս օրերի ամենահրատապ խնդրի՝ նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ։ Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու առումով շատ էական է համարվել խնդրի լրջության հասարակական և անհատական գիտակցումը, յուրաքանչյուրի զգոնությունն ու պատասխանատվությունն, ինչպես նաև կարևորվել է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ։