Ռուսաստանը կարտահանձնի Լևոն Սարգսյանին

Հայաստանի գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Լևոն Սարգսյանի տեղափոխումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը որոշել է բավարարել հետախուզվող ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը։ Տեղեկությունը հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է իրականացնել Սարգսյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին` հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»,– Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է նա:

Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Սարգսյանի տեղափոխումը:

 

Հիշեցնենք` «Ալրաղացի Լյովիկ» մականունով Լևոն Սարգսյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2018 թվականին։

Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», ՌԴ քաղաքացի չէ. ԱԱԾ

Նա ներգրավվել է որպես մեղադրյալ՝ կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար (12 տարի առաջ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակումը պատվիրելու մեջ): Հաշվի առնելով, որ վերջինս տևական ժամանակ բացակայել է ՀՀ-ից, գտնվելու վայրը հայտնի չէ՝ նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: 

ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող, Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը հայտնաբերվել և ձերբակալվել էր 2019 թվականի նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում։

«Ալրաղացի Լյովիկին» պատկանող ընկերությունը սնանկ է ճանաչվել. ԶԼՄ