ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և Ոստիկանության պետ Արման Սարգսյանին։
Հանդիպման սկզբում Փաշինյանը նրանց շնորհավորեց նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ։
«Սովորաբար ավանդույթի համաձայն` նշանակումից հետո ղեկավարներին ներկայացնում են անձնակազմներին, բայց ես որոշեցի ֆորմատը փոխել երկու պատճառով, նախ` ձեզ արդեն որպես ղեկավար ներկայացրել էի որպես ժամանակավոր պաշտոնակատարների, և այդ օրը ասել էի, որ այդ պաշտոնների հավանական թեկնածուները դուք եք, և երկրորդ` կորոնավիրուսի պայմաններում չցանկացա մեր ընդհանուր տրամաբանությունից դուրս գործողություն անել»,– ասաց նա։
Փաշինյանը նշեց, որ կորոնավիրուսային համաճարակ դեմ պայքարում մեծ թվով ոստիկաններ ու ԱԱԾ աշխատակիցներ են ներգրավված, և օգտվելով առիթից` վարչապետը շնորհակալություն հայտնեց նրանց։
«Կա մի գործոն, որն էական նշանակություն է ունեցել ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի վերանշանակման գործում։ Ես հստակ արձանագրել եմ, որ նրանք չեն փորձում քողարկել ու թաքցնել այն խնդիրները, որոնք այսօր առկա են իրենց ոլորտներում։ Դա վստահություն է ներշնչում, որ նրանք հետեւողական կլինեն խնդիրները լուծելու գործում»,– ասաց նա։
Հիշեցնենք`իրավապահ համակարգի վերին օղակներում պաշտոնանկություններ եղան 2019–ին. սեպտեմբերի 16-ին Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի միջնորդությունը, իսկ սեպտեմբերի 18–ին Վալերիյ Օսիպյանն ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից։
Սեպտեմբերի 19-ին Արման Սարգսյանը նշանակվեց ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Էդուարդ Մարտիրոսյանը` ԱԱԾ տնօրենի ԺՊ։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրեց Արման Սարգսյանի և Էդուարդ Մարտիրոսյանի նշանակման հրամանագրերը։