Կորոնավիրուսն ընդդեմ երևանյան տրանսպորտի. վարակը նաև վարորդի գրպանին է հարվածել

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իշխանությունն արգելել է կանգնած ուղևորների փոխադրումն ու ավտոբուսներում մարդկանց կուտակումները։ Որքան էլ արգելքն օրինաչափ է, այդուհանդերձ այն հարվածել է վարորդի գրպանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Կորոնավիրուսը կանխարգելող միջոցառումներն անդրադարձել են նաև Երևանի հասարակական տրանսպորտի վրա, որը մայրաքաղաքի ամենախոցելի և խնդրահարույց ոլորտներից է։ Արտակարգ դրության ժամանակահատվածում ավտոբուսներում ու երթուղայիններում մարդկանց զանգվածային կուտակումներից խուսափելու համար կանգնած ուղևորներ տեղափոխելը խստիվ արգելված է։ Այս պահանջը խախտելու համար 5 հազար դրամ տուգանք է սահմանված։

Ինքնամեկուսացման պահանջները խախտողը կարող է նաև քրեական պատասխանատվության ենթարկվել

Մեր աշխատակիցներից մեկը մարտի 20-ի առավոտյան աշխատանքի է եկել 44 համարի երթուղին սպասարկող ավտոբուսով, ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել ու տուգանք է գրել, որովհետև ավտոբուսի սրահում 2-3 կանգնած ուղևոր է նկատել։ Բայց 44 համարի երթուղայինին մենք դեռ կվերադառնանք։

Կանգնած ուղևորներին տեղափոխելու արգելքը դժվար կացության մեջ է դրել վարորդներին ու գծատերերին։ Սահմանափակ թվով մարդկանց տեղափոխելու դեպքում անհնար է էական եկամուտ ստանալ։ Բարեբախտաբար, որոշ գծատերեր զիջումների են գնացել և մի քանի անգամ կրճատել են ամենօրյա վճարումների չափը, որն ըստ «պլանի» պետք է վճարի վարորդը։ Մենք հարցախույզ անցկացրինք նրանց շրջանում և պարզեցինք, որ, օրինակ, №4 երթուղին սպասարկող վարորդները նախկին 15 հազար դրամի փոխարեն այսօր գծատիրոջն ընդամենը 3 հազար դրամ են վճարում։

«Սեփականատերը հասկանում է, թե ինչ բարդ իրավիճակ է, մեզ ընդառաջել է։ Իսկ մի քանի օր առաջ ընդհանրապես գումար չի վերցրել», – անունը չնշելու պայմանով ասաց վարորդներից մեկը։

Նույն սկզբունքով են աշխատում նաև 58 համարի երթուղին սպասարկող վարորդները։ Այնտեղ ևս էապես մեղմել են աշխատակիցների բեռը։

Մի փոքր այլ պատկեր է վերը հիշատակված 44 համար երթուղու դեպքում։ Որոշ վարորդներ մեզ հայտնեցին, որ օրվա վերջում իրենցից գանձում են 15 հազար դրամ «պլանը», բացի դրանից, իրենք սեփական գրպանից են վճարում դիզելային վառելիքի գումարը։ Հարկ է նշել, որ բոլոր տրանսպորտային միջոցների դեպքում էլ վառելիքի հարցը լուծվում է վարորդի հաշվին, և 44 համարն այս դեպքում բացառություն չէ։ 44 համարի ավտոբուսներից յուրաքանչյուրն օրական միջին հաշվարկով 5 երթուղի է իրականացնում և մոտ 22 հազար դրամի վառելիք սպառում։ Ստացվում է, որ վարորդն օրական 37 հազար դրամ վճարում է, իրեն պահում մնացած գումարը։

Զինված ուժերում պայմանները մոտեցվել են պատերազմական դրության ռեժիմին. Սահակ Օհանյան

«Բայց խնդիրն այն է, որ կանգնած ուղևորներին տեղափոխելու արգելքի դեպքում օրվա վերջում կոպեկներ են մնում։ Նման պայմաններում աշխատելը ձեռնտու չէ», – ասաց վարորդներից մեկը։

Նա հայտնեց, որ մուծումների հարցը նորից քննարկվել է այսօր առավոտյան, և վերջնական որոշում կկայացվի օրվա ավարտին։

44 համարի երթուղին մայրաքաղաքի ամենապետքական և արդյունավետ երթուղիներից է։ Ավտոբուսները նախանձելի հաճախականությամբ են երթևեկում, երթուղին էլ բավականին երկար է։ Դրա համար երթուղիների և տրանսպորտային միջոցների կրճատումը չափազանց տհաճ անակնկալ կլիներ քաղաքի բնակիչների համար։

Արայիկ Հարությունյանն իր սիրած գրողների գործերը կկարդա. «կորոնադադար»` մշակույթի միջոցով

Իրավիճակը փոքր–ինչ այլ կերպ ներկայացրեց երթուղային գծի ղեկավարությունը։ Մեր զրուցակցի խոսքով` վարորդները միայն վառելիք են գնում, իսկ «պլան» չեն վճարում` հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը։

Sputnik Արմենիայի հետ զրույցում «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը այս կապակցությամբ նշեց, որ վարորդները պետք է դիմեն քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն։ Նա համոզված է, որ հարցը պետական կարգավորում է պահանջում։ Իր խոսքը պետք է ասի նաև պարետատունը, որը որոշել է սահմանափակումներ կիրառել։

Երևանի քաղաքապետարանից Sputnik Արմենիային հայտնեցին, որ բանակցում են մասնավոր ավտոբուսային գծատերերի հետ, որպեսզի փոխզիջումային տարբերակներ գտնեն։

«Կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրությունը հաշվի առնելով` մասնավորներին հորդորում ենք ըմբռնումով մոտենալ և ընդառաջել աշխատակիցներին։ Նրանց հետ քննարկումները շարունակվում են, հուսով ենք, որ իրավիճակը կհաջողվի կարգավորել», – ասաց քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Նշենք, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով՝ մարտի 20-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 136-ի։ Մարտի 16-ին ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար երկրում արտակարգ դրություն է սահմանել, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։

Սահմանափակումներն առաջին հերթին վերաբերում են զանգվածային միջոցառումներին, ժամանցի կենտրոններին և որոշ գրասենյակներին, իսկ դպրոցները, բուհերն ու մանկապարտեզները արտակարգ դրություն հայտարարելուց մեկ շաբաթ առաջ արդեն փակ էին։ 

Հ.Գ. Հոդվածի հրապարակման հաջորդ օրը մեզ հաջողվեց պարզել, որ 44 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդների օրական «պլանը» նվազեցրել են 7 հազար դրամով։ Այժմ օրվա վերջում նրանք պետք է վճարեն 8 հազար դրամ։ Այս հանգամանքը կթեթևացնի աշխատակիցների ֆինանսական բեռը, բայց շատ բան էլ կախված է օրվա ընթացքում նրանց տեղափոխած ուղևորների քանակից։ Մեր զրուցակիցը հայտնեց նաև, որ գծատերը խոստացել է փոխհատուցել գերբեռնված երթևեկելու տուգանքները։

Ի՞նչ պետք է իմանան աշխատող քաղաքացիներն ու գործատուները. ՄԻՊ–ը հայտարարություն է տարածել