ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Սոցցանցերում մի քանի օգտատերեր գրել են, որ իրենց մոտ ալկոգելից ալերգիկ ռեակցիա է առաջանում` քոր, մաշկի գրգռվածություն, ճաքեր, վերքեր կամ ցան։
Sputnik Արմենիան թեմայի շուրջ զրուցել է բժիշկ ալերգոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Զարուհի Կալիկյանի հետ և փորձել պարզել` ինչքանով է ալկոգելն անվտանգ ալերգիա ունեցող մարդկանց համար։
«Ալկոգելի բաղադրության մեջ մտնում է ալկոհոլ և գլիցերին։ Ալկոհոլը շատ հազվադեպ է առաջացնում ալերգետիկ ռեակցիաներ, այլ բան է եթե դրան ավելացված են գունանյութեր կամ ալկոհոլը պատրաստված է, օրինակ, խաղողից, որից մարդ կարող է ալերգիա ունենալ։ Այս դեպքում ավելի հավանական է, որ խնդիրը կապված լինի գլիցերինի հետ, չնայած որ այն տոքսիկ նյութ չէ»,- բացատրեց մասնագետը։
Ալերգոլոգի խոսքով՝ եթե մարդիկ ունեն ալերգիայի հանդեպ հակում, ապա, ալկոգելը չորացնելով մաշկը, կարող է խորացնել առկա ալերգիան։
«Մարդիկ ախտահանման համար կարող են նաև ալկոհոլ պարունակող այլ նյութեր օգտագործել, բայց պետք է հիշել, որ դրանք ևս մաշկը չորացնելու հատկություն ունեն։ Եթե առաջանում է քոր, ապա խստիվ արգելվում է ալկոհոլ պարունակող նյութերով ախտահանում կատարել։ Ամենաանվնաս տարբերակը ձեռքերը հաճախ օճառով լվանալն է»,–ասաց Կալիկյանը։
Ինչպես չգիրանալ, երբ տանն ես. պայքարին միացել են սննդաբաններն ու մարզիչները
Մասնագետը շեշտեց, որ խոնավ անձեռոցիկները մանրէասպան հատկություններ չունեն և այս պարագայում դրանք որպես վիրուսի տարածման կանխարգելիչ միջոց օգտագործելն անիմաստ է։ Իհարկե, նրա խոսքով, ալկոգելից մարդու կյանքին սպառնացող ալերգիա չի կարող առաջանալ, ուղղակի անհարմարություն կպատճառի։
ԱԺ պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարները կուղղվեն ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարին
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 19–ի ժամը 14։00–ի դրությամբ 122 է: Կա մեկ առողջացած: Մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է գործում։