ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ստեղծված իրավիճակում կոչ են անում կողմերին հավատարիմ մնալ հրադադարը պահպանելու իրենց հանձնառությանը և ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից, որոնք կարող են այս շրջանում էլ ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ ասվում է, որ կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված իրավիճակում ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկման առաքելությունը ժամանակավոր դադարեցվում է:
«Հաշվի առնելով, որ տարածաշրջանի բժշկական ռեսուրսները պետք է ուղղված լինեն բացառապես վարակի տարածման դեմ պայքարին և դրանից տուժածների բուժմանը, մենք կողմերին կոչ ենք անում անել հնարավոր ամեն բան՝ նվազագույնի հասցնելու լարվածության ռիսկը, այդ թվում օգտագործելով գոյություն ունեցող կապի ուղիղ միջոցները»,–ասված է հայտարարության մեջ:
Ի՞նչ են մարդիկ ակնկալում Արցախի ընտրություններից․ հստակ պատասխաններ մշուշոտ եղանակին
Տեղեկացվում է նաև, որ չնայած միջազգային ուղևորությունների խիստ սահմանափակումներին, համանախագահներն առանց ընդմիջման շարունակելու են իրենց միջնորդական ջանքերը` սերտ կապի մեջ մնալով ինչպես միմյանց, այնպես էլ կողմերի հետ:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարություն էր տարածել էր, որ կորոնավիրուսի պատճառով ԵԱՀԿ-ն դադարեցնում է մշտադիտարկման աշխատանքները ԼՂ հակամարտության գոտում: Նա նաև նշել էր, որ ինքը շարունակում է կապ պահպանել համապատասխան ռազմական իշխանությունների հետ: