ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բյուջետային խոշոր ավիափոխադրող Wizz Air ավիաընկերությունն այսօր կիրականացնի Վիեննա-Երևան-Վիեննա առաջին չվերթը։ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Facebook-ի պաշտոնական էջում տեղեկացնում է, որ «Վիեննա-Շվեխատ» օդանավակայանից չվերթը կմեկնարկի Վիեննայի ժամանակով ժամը 13:55-ին և Երևան կժամանի Երևանի ժամանակով 20:25-ին:
«Տոմսերի առկայության վերաբերյալ խնդրում ենք կապ հաստատել ավիաընկերության հետ (ավիաընկերության կայքի էջ, կամ ավիաընկերության բջջային հավելվածով)»,- նշված է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ 16 պետություններից ժամանող օտարերկրյա քաղաքացիների մուտքն արգելվում է Հայաստանի Հանրապետություն։ Այդ պետություններից ցանկում է նաև Ավստրիան, որտեղից էլ մեկնարկելու է Wizz Air-ի՝ դեպի Հայաստան առաջին չվերթը։
Մի քանի ավիաընկերություններ վերանայել են իրենց չվացուցակը. չվերթեր են չեղարկվում
Հիշեցնենք, որ ՀՀ փոխվարչապետ, րտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի մարտի 17-ի որոշմամբ՝ ՀՀ մուտքը ժամանակավորապես արգելված է Չինաստանից, Իրանից, Հարավային Կորեայից, Ճապոնիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Դանիայից, Ավստրիայից, Բելգիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Նիդերլանդներից, Միացյալ Թագավորությունից ժամանող օտարերկրյա քաղաքացիների համար։ Իսկ այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կարանտինային կամ ինքնամեկուսացման ռեժիմի:
Նշենք, որ այս ցանկում ներառված են այն երկրերը, որոնցում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը բարձր է։
Հավելենք, որ վերջին տվյալներով ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 245 հազարը, համավարակի հետևանքով մահացել է 10 հազարից ավելի մարդ, իսկ լիովին ապաքինվածների թիվը գերազանցում է 88 հազարը։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 136-ի, նրանցից 1-ն արդեն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցից։
Հայտնի է` որտեղ են մեկուսացրել Իտալիայից Հայաստան հատուկ չվերթով ժամանած քաղաքացիներին