ՌԱԴԻՈ

Մելիքյան․ «ԶԼՄ–ներին առնչվող սահմանափակումները պետք է վերանայել»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն խնդրին, որ արտակարգ դրության պայմաններում ՀՀ ոստիկանությունը որոշ լրատվամիջոցների արդեն իսկ հորդորել է կայքերից հեռացնել առանձին նյութեր և հրապարակումներ։ 
Sputnik
Մելիքյան․ «ԶԼՄ–ներին առնչվող սահմանափակումները պետք է վերանայել»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ցավով է նշում է, որ իրենց վատ կանխատեսումներն իրականացան․ կառավարության՝ արտակարգ դրության պայմաններում ԶԼՄ–ներին վերաբերող որոշումը շատ ոչ հստակ դրույթներ է պարունակում, որոնք կարող են կամայական գործողությունների առիթ դառնալ։

Ըստ նրա՝ վերջին օրերին ականատես ենք լինում, որ ոստիկանությունն է որոշում, թե տվյալ զանգվածային լրատվամիջոցի հրապարակումը կարո՞ղ է խուճապ առաջացնել, թե՞ ոչ, և ոստիկանությունն էլ պահանջում է հեռացնել դրանք։

Մելիքյան. «ԶԼՄ–ները` որպես բիզնեսի տեսակ, կորոնավիրուսի պատճառով կորուստներ կունենան»

«Սա շատ վատ նախադեպ է, և կարծում եմ, որ հայաստանյան լրատվամիջոցները դեռ երկար կարող են զգալ սրա հետևանքները։ Պետք է անհապաղ չեղյալ հայտարարել այդ սահմանափակումները` տեսնելով, որ դրանք իսկապես խոսքի ազատության լուրջ սահմանափակումների են հանգեցրել և կարող են առհասարակ վտանգել լրատվամիջոցների ազատ գործունեությունը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Մելիքյանի խոսքով` լրագրողական և իրավապաշտպան 11 կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում ոչ միայն իրենց մտահոգությունն են հայտնել, այլև պահանջել են անհապաղ դադարեցնել այդ դրույթների կիրառումն ու վերանայել դրանք` նախապատրաստելով նոր պահանջներ, որոնք համահունչ կլինեն իրողություններին և կհամապատասխանեն ժողովրդավարական հասարակությանը։ 

Արտակարգ դրության ռեժիմի խախտումներ են արձանագրվել

«Իրավիճակն ամենևին էլ այնպիսին չէ ու չի կարող լինել այդպիսին, որ իշխանությունները դիմեն ծայրահեղ միջոցների։ Ամենամտահոգիչն այն է, որ ուժային կառույցն է զբաղվում լրատվամիջոցին ուղղություն ցույց տալու, հրապարակումը թույլ տալու կամ չտալու հարցով»,– նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

Ինչ սահմանափակումներ կլինեն Հայաստանում արտակարգ դրության ժամանակ

Նրա համոզմամբ` պետք է մեծ աշխատանք կատարել, որպեսզի կամայականությունները չշարունակվեն արտակարգ դրության ավարտից հետո, որովհետև որոշ կառույցների համար դա բավականին հաճելի զբաղմունք է և նրանց կարող է դուր գալ լրատվամիջոցներին ճնշելը, ուստի կարող են ԶԼՄ–ներին պահանջներ ներկայացնել նաև արտակարգ դրության ավարտից հետո։ Ըստ Մելիքյանի`արտակարգ դրությունից հետո կարելի է դատական կարգով վիճարկել շատ որոշումներ, և այս առումով լրագրողական հանրությունը մեծ աշխատանք է ունի անելու։