Չգիտեմ, ճիշտն ասած, թե դա ինչ է ենթադրում, ի՞նչ պետք է անենք բոլորս այդ օրը՝ երջանկությունից թռվռա՞նք, թե՞ խմենք երջանկության կենացը: Համենայնդեպս այսօր ՄԱԿ-ը հրապարակել է մի զեկույց, որտեղ դասակարգել է աշխարհի 153 երկրները՝ ըստ երջանկության աստիճանի: Մենք՝ հայաստանցիներս, առաջին հարյուրյակում էլ չենք: 116-րդ տեղում ենք: Թեև կարող ենք, իհարկե, նաև մխիթարվել՝նախ, վրացիները մեզնից մի փոքր հետ են, հետո էլ մի քանի տարի առաջ՝ ավելի վատ վիճակում էինք՝ 121-րդ տեղում։ Այնպես որ, երջանկության առումով առաջընթաց ունենք։
Այնուամենայնիվ, մեր ոչ պատվաբեր 116-րդ տեղը ՄԱԿ-ի ցուցակում նաև լուրջ անհանգստության առիթ է տալիս: Տեսեք: Եվրասիական միության բոլոր մնացած անդամները՝ նույնիսկ Ղրղզստանը, էլ չեմ ասում Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի մասին, երջանկության սանդղակում, ինչպես ժողովուրդն է ասում՝ տվել անցել են մեզ: Եվ վախենամ, որ մի օր հերթական գագաթնաժողովի ժամանակ այդ երկրներից մեկի ղեկավարը կարող է հարց բարձրացնել՝ Հայաստանը երջանկության իր խայտառակ ցուցանիշով հետ է քաշում ողջ Եվրասիական միությունը և եթե հայաստանցիները չսթափվեն և հրատապ միջոցներ չձեռնարկեն գոնե մի քիչ ավելի երջանիկ լինելու համար, ստիպված պիտի լինենք քննարկել Եվրասիական միությունից նրանց հեռացնելու հարցը:
Նա լքեց իրեն շքեղ տուն նվիրած մեծահարուստին, կամ Միքայել Արամյանցի սիրո պատմությունը
Իսկապես՝ եկեք տեսնենք, թե ինչ կարելի է անել այդ անդուր 116-րդ տեղից բարձրանալու համար: Սկսեմ ամենադյուրին միջոցից: Երբ կորոնավիրուսի հետ կապված այս տագնապը լիովին անցնի, Սահմանադրական հանրաքվեի հետ միաժամանակ կարող ենք նաև Երջանկության հանրաքվե անցկացնել: Համոզված եմ, որ հստակ ձևակերպված հարցին՝ «Արդյո՞ք դուք երջանիկ եք», մեր հասարակության գիտակից և պատասխանատու մասը, այնուամենայնիվ, «Այո» կպատասխանի: Այսպիսով, ողջ աշխարհին կապացուցենք, որ ՄԱԿ-ի տվյալները մեր երջանկության մասին, մեղմ ասած, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը։
Ունեմ նաև մեկ այլ կառուցողական առաջարկ՝ Հայաստանում ստեղծել Երջանկության նախարարություն: Մի զարմացեք, սա բոլորովին կատակ չէ, նման գերատեսչություններ տարբեր պետություններում վաղուց արդեն կան: Դեռ մի քանի տարի առաջ ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը փաստեց, որ Երջանկության նախարարներ կան աշխարհի առնվազն չորս երկրներում՝ Բութան, էկվադոր, Վենեսուելա և Արաբական էմիրություններ:
Զարգացնեմ միտքս։ Եթե մենք իրոք հիմնենք Երջանկության նախարարություն, կարող ենք շատ ավելի ստեղծագործական մոտեցում ցուցաբերել: Օրինակ՝ ոմանք պնդում են, թե երջանկությունը փողի մեջ է: Ուրեմն շատ հանգիստ կարող են երկու նախարարություններ միացնել և ստեղծել Երջանկության և ֆինանսների նախարարություն: Մյուսները կպնդեն, թե կարևորը առողջությունն է, ուրեմն երջանկության և ֆինանսների նախարարությունը կդարձնենք Երջանկության, ֆինանսների եւ առողջապահության նախարարություն: Ով՝ ով, բայց մենք հո ունենք նախարարություններ միացնելու փորձ։
Արամյանցի խելահեղ ճակատագիրը, կամ միլիոնատիրոջ դավաճան կանայք
Կա, իհարկե, նաև շատ ավելի արդյունավետ միջոց: Եկեք ուսումնասիրենք այն երկրների փորձը, որտեղ մարդիկ ամենից երջանիկն են: Այս տարի աշխարհի ամենաերջանիկ երկիրը Ֆինլանդիան է։ Իսկ երկրորդ տեղում է Դանիան։ Եթե ասեմ, որ Հայաստանի և Դանիայի միջև լիքը նմանություններ կան, երևի կզարմանաք, բայց դա այդպես է: Որոշ հարցերում մենք նույնիսկ գերազանցում ենք դանիացիներին: Կոնկրետ օրինակ բերեմ՝ իրենք ունեն ընդամենը մի դանիացի իշխան՝ Համլետ: Մեզ մոտ հազարավոր համլետներ կան։ Իրենք ունեն մի, այսպես ասենք, առանձնատարածք՝ Գրենլանդիա, որը մի կողմից կարծես թե Դանիայի մի մասն է, մյուս կողմից՝ կարծես առանձին է: Կներեք, մենք էլ Ղարաբաղ ունենք, որը էլի չենք հասկանում՝ մեր մի մասն է, թե չէ: Վերջապես իրենք թագուհի ունեն, մենք էլ նախագահ՝ թագուհու կարգավիճակով։ Բա այսքան նմանությունների առկայության դեպքում զարմանալի չէ՞, որ իրենք երկրորդն են, իսկ մենք 116-րդն ենք։ Այ, եթե հասկանանք, թե ինչու է այդպես, հաստատ մենք էլ երջանիկ կլինենք։