«Ընկեր Մարտիրոսյան, «չոռնիից» հանեք, դասը սովորել եմ»․ ԿԳՄՍ նախարարի գրառման արձագանքները

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը զվարճալի գրառում է կատարել առցանց ուսուցման վերաբերյալ և հետևորդներին խնդրել մեկնաբանություններում գրել ամենազվարճալի կատակները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով դպրոցներն անցել են հեռավար ուսուցման համակարգի, և արդեն երկու օր է՝ սոցցանցերում չեն դադարում այս առիթով կատակները։

Արայիկ Հարությունյանն այսօր ինքն է առանձնացրել այդ կատակներից մեկն ու դրա վերաբերյալ գրառում արել։

«Հեռավարի վերաբերյալ կատակները շատ լավն են:

-Տնայինդ տեսնեմ:

-Տիկի՛ն Պետրոսյան, տետրս դպրոցում եմ մոռացել:

-Գլու՛խդ դպրոցում մոռանայիր»,- գրել է նախարարն ու հետևորդներին խնդրել՝ եթե լսել են այս առիթով կատակներ, ապա անպայման գրեն մեկնաբանություններում:

Էջի հետևորդները, բնականաբար, առիթը բաց չեն թողել ու իրար գլխի են հավաքել ակտուալ կատակները։

«Երեխուն միացնում եմ դասի, անշնորհք բառեր չասես»,- գրել է հայոց լեզվի ուսուցիչներից մեկն ու հավելել, որ իրական դեպք է:

Մեկ ուրիշ ուսուցիչ էլ գրել է, որ զավեշտալի դեպքեր շատ են լինում, օրինակ՝ երեխաներից մեկի փոքր եղբայրը գալիս է, մեծ եղբոր գլխին կոտոշներ դնում, փախչում, կամ տան փոքրերը գալիս են, լեզու հանում, փախչում:

«Սիրելի՛ երեխաներ, իմ կողմից հայրիկներին խնդրանք. ասեք՝ տանը «տռուսիկով» ման չգան»,-կատակել է հետևորդներից մեկը։

«Արդեն 24 ժամ է՝ օնլայն դաս ենք անում, որովհետև մեր դասախոսը չի կարողանում վիդեոչաթը անջատել»,- գրել է մյուս օգտատերը։

«Երեխեք ջան, ոչ մեկդ սայթից դուրս չգաք, գնամ ճաշի տակը անջատեմ, գամ»,-կատակում է մյուսը։

«Տիկին Մարտիրոսյանը 45 րոպե դինոզավրի հետ դաս անելուց հետո այդպես էլ չհասկացավ, որ տան ինտերնետն անջատվել է»,- գրել է մեկ այլ օգտատեր։

Մեկնաբանություններում օգտատերերը գրել են նաև կատակներ, որոնք ընթերցելուց հետո անհնար է զսպել ծիծաղը։

«Ընկեր Մարտիրոսյան, չոռնիից հանեք, դասը սովորել եմ, ուղղակի պետք ա կրկնեմ»,- կատակել է օգտատերը։

Դե իսկ օնլայն դասի ժամանակ ամենաանհրաժեշտն իհարկե որակյալ ինտերնետ կապն է։

-Արամ, նստի՛ր, չորս։

-Բայց ինչի՞ չորս, 5-ի պատասխանեցի:

-Կապդ լավը չէր, կտրտելով էիր պատմում»,-գրել է մյուսը։

Դե էլ ինչ դաս՝ առանց դասից փախչելու։

«Երեխեք, վաղը ժամը 11-ին մի մարդու պես անջատում ենք սկայպը»,- կատակել է մյուս օգտատերը։

Արայիկ Հարությունյանի զվարճալի գրառումը մեկ ժամվա ընթացքում ավելի քան 5,500 հավանության է արժանացել։ Գրառումը տարածել են 432 օգտատեր։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ կրթական հաստատությունների աշխատանքը մեկ շաբաթով դադարեցվել էր ՀՀ-ում առաջին կորոնավիրուսի հաստատման դեպքից հետո՝ մարտի 1-9-ը։ Դպրոցներում և բուհերում դասապրոցեսն սկսելուց հետո 5 օր անց՝ մարտի 13-ին, կրկին որոշվեց դադարեցնել կրթական հաստատությունների աշխատանքը։

Իսկ մարտի 16-ին ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարվեց, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։

Այս պահի դրությամբ ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 122 դեպք։