Տղամարդիկ 2.5 անգամ ավելի շատ են մահանում կորոնավիրուսից, քան կանայք. Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարարը վստահեցնում է՝ գալու է մի պահ, որ կորոնավիրուսով վարակվածների թվերի հետևից չեն ընկնելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Տղամարդիկ 2.5 անգամ ավելի շատ են մահանում կորոնավիրուսից, քան կանայք: Կառավարության լրատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր կան. ընդհանուր թիվը դարձավ 122

«Կորոնավիրուսից մահացության դեպքերի միջին տարիքը 79.4 տարեկան է, որոնց մեծ մասը` 72 տոկոսը, տղամարդիկ են։ Դրա հիմնական պատճառը նրանց կենսաձևն է` տղամարդկանց մահացության մեծ թիվը կապված է ծխելու և ոչ լավ սննդակարգի հետ»,–ասաց նախարարը։

Թորոսյանի խոսքով` կորոնավիրուսից մահացության ցուցանիշներն ազգաբնակչության առողջական վիճակի հետ է կապված լինելու։

Հայաստանն ապահովված է սննդով, բայց գներն աճում են. վարչապետն առաջարկեց վերահսկել

Նախարարը նշեց, որ, մյուս կողմից, պետք է սովորենք այդ վիրուսի հետ ապրել կողք կողքի, ինչպես մյուս վիրուսների հետ։ Ավելին, ըստ նրա, գալու է մի պահ, որ կորոնավիրուսով վարակվածների թվերի հետևից չեն ընկնելու։

Հարցին, թե մեկ անգամ արդեն իսկ կորոնավիրուսով վարակվածը կարո՞ղ է երկրորդ անգամ վարակվել` Թորոսյանը պատասխանեց, որ, ամեն դեպքում, ոչ ոք չի կարող բացառել, թե չի կարող կրկնվել հիվանդությունը։ Սակայն կորոնավիրուսով վարակվելուց հետո օրգանիզմը որոշակի իմունիտետ է ձեռք բերում։

Հիշեցնենք, որ արդեն կորոնավիրուսով վարակվելու 122 դեպք կա Հայաստանում։

Ինչպես են իրենց զգում կորոնավիրուսով հիվանդ հայաստանցիները․ մանրամասնում է նախարարը