Տարոն Մարգարյանին այնքան եմ սիրում, որքան ձեզ. ավագանու նիստի ժամանակ մթնոլորտը թեժացավ

Հայկ Մարությանն ավագանու նիստի ժամանակ Դավիթ Խաժակյանի հարցի ժամանակ հիշեց Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Երևանի քաղաքապետարանում ընթացող ավագանու նիստի ժամանակ մի պահ կրքերը բորբոքվեցին։ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին, ասաց, որ քաղաքապետարանում որոշ անօրինականություններ է նկատել։

Ի՞նչ եղան խոստացած 100 ավտոբուսները. պատասխանում է քաղաքապետը

«Երբ հետևում ենք ասֆալտապատման հարցում գնման գործընթացին, տեսնում ենք` մրցույթ չի հայտարարվել, սակայն ինչ-որ կազմակերպություններ ասֆալտապատում են իրականացնում։ Արդյո՞ք մրցույթ չի եղել, քանի որ կանխավ այդ ընկերությունները գիտեին, որ հենց իրենք էլ պետք է հաղթեն»,–ասաց Խաժակյանը։

Նրա խոսքով` նույնը նաև ոռոգման ոլորտում է` մրցույթ չի հայտարարվել, գործը չի արվել, սակայն 154 մլն դրամ է տրամադրվել դրա համար։

Ի պատասխան Հայկ Մարությանը նշեց, որ նման բաներ կատարվում էին Խաժակյանի շատ սիրած նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի և նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ժամանակ։ Մարությանը հավելեց, որ միգուցե Խաժակյանը կուզեր լինել քաղաքապետ ու նման բաներ կատարվեին, բայց քանի ինքն է քաղաքապետը` անօրինականություններ չեն լինելու։

Ինչպես են իրենց զգում կորոնավիրուսով հիվանդ հայաստանցիները․ մանրամասնում է նախարարը

Խաժակյանին դուր չեկավ Մարությանի պատասխանը և նա ասաց, որ ինքը որքան սիրում է Վահե Նիկոյանին և Տարոն Մարգարյանին, այդքան էլ Մարությանին է սիրում։ «Որևէ մեկի նկատմամբ խանդով չվերաբերվեք։ Ես հասկացա, որ սրտնեղեցիք, որ ինչ–ինչ անօրինականություններ կան քաղաքապետարանում»,–ասաց Խաժակյանը։

Կորոնավիրուսից տուժած գործարարներին` անտոկոս վարկեր, քաղաքացներին աջակցություն կտրամադրեն

Իրավիճակը, սակայն, այսքանով չհանդարտվեց, և Մարությանը, պատասխանելով Խաժակյանին, ասաց` քանի արտակարգ դրություն է երկրում, թող որ նա իր սերն իրեն պահի։ Քաղաքապետը ևս մեկ անգամ վստահեցրեց` քանի ինքն այդ պաշտոնում է` քաղաքապետարանում չի կարող լինել ոչ մի տիպի անօրինական գործողություն։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետը, խորհրդակցելով ավագանու խմբակցությունների հետ, որոշել է Երևանի ավագանու մարտի 19-ի նիստն անցկացնել ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս՝ քաղաքապետարանի ճեմասրահում։ Կորոնավիրուսի տարածման այս օրերին նման որոշում է կայացվել, քանի որ սրահը բավական մեծ է, և ավագանու անդամները կարող են նստել իրարից բավական հեռու։