Կոնյակի սկսնակ արտադրողներն անհամեմատ քիչ հարկ կվճարեն, եթե «վերևներում» լեզու գտնեն

Կառավարությունը հարկային արտոնություն է սահմանում կոնյակի արտադրություն սկսող գործարարներ համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություն սահմանել կոնյակ ու կոնյակի սպիրտ արտադրող ընկերությունների գործունեության առաջին երկու տարիների համար:

Կրկին կոնյակի «օտար» սպիրտ են ներմուծում. ի՞նչ հոտ է գալու մեր կոնյակից

Ինչո՞ւ են Վրաստանում «քրքրում» ԵԱՏՄ երկրներ արտահանվող հայկական կոնյակի սպիրտը

Որոշման նախագիծն այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Առաջարկում ենք սահմանված տարեկան տուրքի գումարը 10մլն դրամից նվազեցնել 50 000 դրամի»,- ասաց նախարարը՝ հիշեցնելով, որ խաղողի մթերումից մինչև կոնյակի առաջին արտադրության ստացումը տևում է 2 տարի:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, սակայն, կարևորեց, որ այդ ընթացքում եթե արտադրողը որոշի գոնե 1 շիշ կոնյակ վաճառել՝ պետք է վճարի 10մլն դրամ պետական տուրքը:

Քանի դեռ կոնյակի անվան տակ մգեցված սպիրտ է վաճառվում, խաղողի արտադրությունը չի զարգանա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հրահանգեց, որ հստակ վերահսկվի տեղական արտադրությունը:

«Տարիներ շարունակ մարդիկ կոնյակի սպիրտ են ներկրել ու ներկայացրել որպես տեղական արտադրանք»,-ասաց վարչապետը:

Էկոնոմիկայի նախարարը վստահեցրեց, որ գործընթացի վերահսկումն արդեն իրականացման ճանապարհին է: Նրա խոսքով, ստեղծվել է արտադրողների ռեեստր, որտեղ արտացոլվելու է մթերված խաղողի ծավալն ու համեմատվելու է ստացված արտադրանքի ծավալի հետ:

Հարցի շուրջ կառավարության անդամների կարծիքներն իրարամերժ էին: Վարչապետը դրանք լսելուց հետո զայրացավ, նշելով, որ հարցը բավարար քննարկված չի եղել մինչև նիստի օրակարգում ներառելը և հրահանգեց այն վերադարձնել նախարարական կոմիտե՝ լրացուցիչ քննարկելու:

«Արդարության կենացը». Հայաստանում տուրքեր են սահմանելու կոնյակի ու սպիրտի ներկրման համար