Ինչպես են իրենց զգում կորոնավիրուսով հիվանդ հայաստանցիները․ մանրամասնում է նախարարը

Հիվանդներից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Հիմնական ուշադրության կենտրոնում տարեցներն ու խրոնիկ հիվանդներն են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Կառավարության հերթական նիստում ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ կորոնավիրուսով հիվադ 115 քաղաքացիների վիճակն այս պահին բավարար է:

Բուժքույրը վարակվել է կորոնավիրուսով. Թորոսյան

«37-ից բարձր ջերմություն ունեն 34 հոգի, 38-ից բարձր` ընդամենը 5 հոգի, 39-ից բարձր ջերմություն ունեցող չունենք»,-մանրամասնեց նախարարը:

Հիվանդներից 13-ը 60 և ավելի տարեկան են, որոնցից ոչ մեկի կյանքին, Թորոսյանի խոսքով, վտանգ չի սպառնում:

Խոսելով աշխարհում այս պահին տիրող վիճակից, Թորոսյանը նշեց, որ Չինաստանում, որտեղից վարակը սկսեց տարածվել ամբողջ աշխարհով, համաճարակի տարածումն արդեն կանխվել է:

«Նույնիսկ երեկ որևէ դեպք չի արձանագրվել»,- ասաց նա:

Մնացեք տանը հանուն մեզ․ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկի ֆլեշմոբը հուզել է օգտատերերին

Փոխարենը, ըստ նախարարի, բռնկումներն ինտենսիվ շարունակվում են Եվրոպայում, ամենաշատ տարածվածությունը Իտալիայում է:

«Եթե նույնիսկ էպիդեմիան տարածվի ամբողջ աշխարհում ու նույնիսկ հետ գնա Չինաստան, որովհետև դրա հավանականությունը կա, քանի որ ոչ ոք ապահովված չէ երկրորդային էպիդեմիայից, հիմնական շեշտը պետք է դրվի տարեց մարդկանց ու խրոնիկ հիվանդների վրա»,- ընդգծեց նախարարը՝ հիշեցնելով, որ մահվան ռիսկային խմբում հիմնականում այս մարդիկ են:

Բժիշկները քիթ սրբելու ժամանակ չունեն. Էջմիածնի ճանապարհներին բուժքույրերն են աշխատում

Նախարարի խոսքով, Հայաստաում ևս հատուկ ուշադրության կենտրոնում են տարեցներն ու խրոնիկ հիվանդները:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածները մարտի 19–ի առավոտվա դրությամբ 115–ն են:

Վարակման առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Հայաստանում մարտի 16–ից արտակարգ դրություն է հայտարարվել։