ԱԺ պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարները կուղղվեն ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարին

Պատգամավորների մի մասն իրենց նախաձեռնությամբ արդեն իսկ առանձին դրամական միջոցներ փոխանցել են բացված հատուկ հաշվեհամարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարները կփոխանցվեն  կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ այս քայլն արվում է իր նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ։

«Երեկ հնչեցրած առաջարկիս արձագանքելու համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ բոլոր երեք խմբակցություններին, ինչպես նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավորներին»,- գրել է Միրզոյանը։

Նա նաև հավելել է, որ պատգամավորների մի մասն իրենց նախաձեռնությամբ արդեն իսկ առանձին դրամական միջոցներ փոխանցել են բացված հատուկ հաշվեհամարին։

Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է հատուկ հաշվեհամարին

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը գանձապետական հաշիվ է բացել` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։ Գանձապետական հաշվի համարն է 900005001947:

Փոխանցում կատարելիս պետք է նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։

Արսեն Թորոսյանը 100 հազար դրամ է փոխանցել հատուկ հաշվեհամարին

Ստացված միջոցներն օգտագործվելու են բժշկական անձնակազմին խրախուսելու, բժշկական պարագաներ և սարքավորումներ ձեռք բերելու, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանները բարելավելու նպատակով։

Հիշեցնենք, որ հաշվեհամարին արդեն 100 մլն դրամ է փոխանցվել, կատարվել է 650 վճարում, ավելի վաղ գումար էին փոխանցել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։