ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Այսօր կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց, որ երկու շաբաթվա ընթացքում պարզ կլինի` ուսումնական տարվա ավարտն ու ավարտական ընդունելության քննությունները կհետաձգվեն, թե ոչ։
«Դա կախված կլինի ուսումնական այն ծավալից, որն այս ընթացքում կիրականացնեն հեռավար կրթության հարթակն օգտագործելով։ Պետք է այնպես անենք, որ եթե անգամ երկարաձգման կարիք լինի, դրանք քիչ ժամկետով լինեն»,–ասաց նախարարը։
Պատասխանելով մեր մյուս հարցին, թե դպրոցներից քանի՞սն են տեխնիկապես պատրաստ, և ի՞նչ վիճակ է մարզերում, նախարարը պատասխանեց, որ հենց դրա համար էլ երկու շաբաթ նախնական ժամկետ է սահմանվել, որի ընթացքում կտեսնեն ողջ պատկերը։ Հարությունյանը գիտի` որոշ դեպքերում կարող են խնդիրներ առաջանալ, որ ուսուցիչն ու երեխան չունենան նման հնարավորություն, սակայն, ըստ նրա, ժամանակ է պետք` ամբողջական պատկերն ունենալու համար։
«Երկու շաբաթվա ընթացքում կհասկանանք` արդյո՞ք ստիպված կլինենք արտակարգ դրության ավարտից` ապրիլի 14–ից հետո հավելյալ պարապմունքներ անցկացնել, թե ոչ»,–ասաց նախարարը։
Հարությունյանն իր խոսքն ամփոփեց` ասելով, որ հեռավար ուսուցումը դառնալու է համազգային պիլոտ։
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16–ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս ընթացքում դասապրոցեսն ընդհատվել է, սակայն աշակերտներն ու ուսանողները կկարողանան բացը լրացնել հեռավար ուսուցմամբ։
Ինչպես են վճարվելու թոշակներն ու նպաստներն արտակարգ դրության ընթացքում