ՌՈ պետի նոր անուն է շրջանառվում. Փաշինյանը նրան ազատել էր պաշտոնից. «Ժողովուրդ»

Նախկին պաշտոնյան «Ժողովուրդ» օրաթերթին ասել է, որ 25 տարի ծառայել է, հիմա էլ պատրաստ է շարունակել ծառայությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Չնայած այժմ Ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը ՌՈ օպերատիվ գծով տեղակալ Ալեքսանդր Աղաջանյանն է, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պաշտպանության նախարարությունում Ռազմական ոստիկանության պետի նշանակման հարցում քննարկվում է ևս մեկ թեկնածուի անուն:

«Բանակը պատրաստ է երկրում արտակարգ դրության». Փաշինյան

«Ինչպես հայտնի է, բանակում առկա որոշակի ժամանակահատված առաջացած անկառավարելի իրավիճակի պատճառով աշխատանքից ազատվեց ՌՈ նախկին պետ Արթուր Բաղդասարյանը, և այժմ այդ կառույցն ունի միայն պաշտոնակատար: Ու մինչ Ալեքսանդր Աղաջանյանը աշխատանքներ է իրականացնում ու փորձում ամեն ինչ անել` ՌՈ պետի պաշտոնին մնալու համար, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՊՆ-ում ՌՈ պետի պաշտոնում քննարկվում է նաև Փրկարար ծառայության նախկին տնօրեն Արտակ Նահապետյանի անունը»,– գրում է թերթը` հիշեցնելով, որ 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակ Նահապետյանին ազատել էր Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։

Ըստ մամուլի հրապարակումների` Նահապետյանի ազատման պատճառը աշխատակիցների բողոքն է եղել։

«Եվ ահա չի բացառվում, որ ՌՈ պետ նշանակվի հենց Արտակ Նահապետյանը, քանի որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմն է»,– նշված է հոդվածում:

Երկու օրում բանակում մի քանի հարյուր սմարթֆոն է հայտնաբերվել. ՊՆ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Փրկարար ծառայության նախկին տնօրեն Արտակ Նահապետյանի հետ:

«Ես բացարձակ նման խոսակցություններ չեմ ունեցել: Հիմա հանգստանում եմ, ոչ մի բանով չեմ զբաղվում: Եթե հրաման կտան, ապա ես ծառայել եմ 25 տարի, նորից կշարունակեմ ծառայել»:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 19-ին ստորագրել էր Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից ազատելու որոշումները։

«Իրավիճակը հսկվում է». ՊՆ խոսնակը` բանակում իրականացվող կանխարգելիչ միջոցառումների մասին