ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում ուղերձ է հղել ժամկետային զինծառայողների ծնողներին, հարազատներին։
«ՀՀ ԶՈՒ ղեկավարության համար զինծառայողը բարձրագույն արժեք է, և հնարավոր ամեն ինչ արվում է նրան առողջական խնդիրներից զերծ պահելու համար»,–ասել է նա և դիմել զինծառայողների հարազատներին.
- Անհարկի չմիջամտել համաճարակի դեմ զինված ուժերի հրամանատարության, առողջապահության նախարարության և այլ պետական կառույցների հետ համատեղ լայնածավալ ու բազմապիսի աշխատանքներին ու կանխարգելիչ միջոցառումներին
- Գիտակցված և ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. այս քայլը միտված է վերջիններիս շփումը հնարավոր վարակակիր քաղաքացիների հետ բացառելուն
- Խուսափել զինծառայողներին սնունդ, հիգիենայի պարագաներ և այլ միջոցներ ուղարկելուց
- Հեռախոսային զրույցների ժամանակ վարակի տարածման կամ հարազատների, բարեկամների, ծանոթների` վարակված լինելու մասին տեղեկատվություն չհայտնել` զինծառայողների մոտ տագնապային տրամադրություն չստեղծելու համար:
«Ցուցաբերելով առավելագույն զգուշություն և զսպվածություն` հնարավորություն կընձեռեք ձեր զավակներին անշեղորեն կատարել իրենց պարտականությունները»,–ասել է նա:
Մի քանի ժամում ավելի քան 43 միլիոն դրամ է հավաքվել կորոնավիրուսի կանխարգելման համար
Դավթյանն առողջություն է մաղթել բոլորին և համոզվածություն հայտնել, որ համատեղ և փոխըմբռնված աշխատանքի շնորհիվ կհաղթահարենք նաև այս մարտահրավերը:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 18–ի դրությամբ հասել է 84–ի։
Կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։
Կորոնավիրուս. իրավիճակը Հայաստանում
Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։
Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։
Հայաստանում մարտի 16–ից արտակարգ դրություն է հայտարարվել։