Ինչպես են վճարվելու թոշակներն ու նպաստներն արտակարգ դրության ընթացքում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վստահեցնում է, որ ուշացումներ չեն լինի։ Փաշինյանն էլ հայտնում է, որ «Հայփոստի» աշխատակիցները տներ կայցելեն դիմակներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Արտակարգ դրության ժամանակահատվածում կենսաթոշակն ու նպաստն առձեռն ստացող քաղաքացիները «Հայփոստի» բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չեն ունենա։

Ինչով կարող են օգնել ռեստորանները. կորոնավիրուսը փոխել է նրանց ծրագրերը

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու «Հայփոստը» պայմանավորվել են, որ «Հայփոստի» աշխատակիցներն անձամբ կայցելեն շահառուներին՝ վճարելու կենսաթոշակներն ու նպաստները։

Նախարարությունը նաև վստահեցնում է, որ կենսաթոշակների և նպաստների վճարման ուշացումներ չեն լինի։

Իսկ այն շահառուները, որոնց կենսաթոշակի և նպաստների ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, սոցիալական ապահովության ծառայություններ այդ նպատակով այցելելու կարիք չեն ունենա։

Նախարարությունը որոշել է դրանց վճարման ժամկետներն ավտոմատ կերպով երկարաձգել մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտնեց, որ պարետատունն այժմ նիստ է անում թոշակները տրամադրելու հարցով։ Նրա խոսքով` «Հայփոստի» աշխատակիցները դիմակներով պաշտպանված կայցելեն տներ և կբաժանեն թոշակներն ու նպաստները։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն հասել է 78-ի։

Օրվա կադր. դիմակն ու դիմակավորը կորոնավիրուսի դեմ պայքարում

Կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Կորոնավիրուսի հաղթահարմանն ուղղված քայլերին աջակցելու համար բացվել է գանձապետական հաշիվ

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Հայաստանում մարտի 16–ից արտակարգ դրություն է հայտարարվել։