Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 102–ի. Փաշինյանը նոր տվյալներ հայտնեց

Հայաստանում կրկին ավելացել է կորոնավիրուսով վարակվածների թիվը, այս անգամ` 18–ով։ Նախորդ թիվն 84 էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերն ավելացել են և հասել 102–ի: «Շանթ» հեռուստաընկերության եթերում այս տեղեկությունը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարդկանց 75 տոկոսը երկու տեղում է վարակվել` արտադրամասում և Էջմիածնի նշանդրեքի ժամանակ։ Նոր ճյուղերի զարգացում այս պահին չունենք։ Եթե տեսնենք, որ պայքարի այս մեթոդն անիմաստ է, կանցնենք այլ մեթոդների։ Արտադրամասը գտնվում է Շենգավիթ համայնքում, Իտալիայի հետ կապ ունեցող արտադրամաս է, իտալացի ինստրուկտորը ժամանել է Հայաստան և, ջերմիջեցնող դեղեր խմելով, թաքցրել իրավիճակը, հետո հեռացել Հայաստանից»,– ասաց նա։

Փաշինյանի խոսքով` փառք Աստծո, Հայաստանում անսիմպտոն դեպքերի թիվը բավականին մեծ է, այսինքն` մարդկանց մոտ որևէ ախտանշան չի լինում, բայց թեստավորումից հետո պարզ է լինում, որ մարդը վարակված է։

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների նախորդ թիվը 84 էր։

Կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Ջերմաչափում, ստուգում և խորհուրդներ. ինչպես է աշխատում Էջմիածնի հսկիչ կետը. տեսանյութ

Կորոնավիրուս. իրավիճակը Հայաստանում

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ:

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։

Եգիպտոսում մնացած հայաստանցիներին հայրենիք վերադառնալու վերջին հնարավորություն է տրվում