ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։
«Կառավարության` 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսակների շրջանառությունը ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև: Նման քայլ է արվել մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված»,–նշված է հաղորդագրության մեջ։
Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո:
Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտեին։ Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը ստանալուց հետո նրանց կթույլատրվի ապրանքների փոխադրումը։
Ավելի վաղ թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը:
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը Իրանի հետ ցամաքային սահմանը երկու շաբաթով փակելու մասին հայտարարեց փետրվարի 24-ին։ Այնուհետև հայտնի դարձավ, որ երկշաբաթյա սահմանափակումը կերկարաձգվի մինչև մարտի 24-ը ներառյալ։