ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik.Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ դասախոսություններ են հեռարձակվելու հեռավար ուսուցմանը նպաստելու համար։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նաև նշեց, որ դասախոսություններ են տեղադրվելու նաև Youtub–ում, որն, ի դեպ, նախարարի խոսքով, դիտողներից ինտերնետ տրաֆիկ չի տանելու։
Ինչ վերաբերում է հեռավար կրթության ներդրման ծրագրին, Հարությունյանը հայտնեց, որ հայաստանյան բուհերում այն արդեն լիարժեք կիրառվում է։
«Մենք բուհերի առումով խնդիր չունենք»,- ասաց նախարարը։
Նախարարը հայտնեց, որ որոշ դպրոցներ և առանձին ուսուցիչներ առանց նախարարության միջամտության, սեփական նախաձեռնությամբ արդեն կիրառում են հեռավար ուսուցման գործիքները՝ էլեկտրոնային փոստով հանձնարարություններ տալու ու ստուգելու կամ տեսակապի միջոցով դասապրոցես իրականացնելու համար։
«Մենք չենք կարող ասել, որ այս պահին կարող ենք ապահովել հեռավար ուսուցման բոլոր հնարավորությունները»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս գործընթացը կարող է դառնալ հայաստանյան հեռավար ուսուցման պիլոտային ծրագիրը։
Հարությունյանը հայտնեց, որ այսօր ամբողջ աշխարհում 700-800 հազար աշակերտներ ու ուսանողներ զրկված են ուսուցման հնարավորությունից։
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16–ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել։ Այս ընթացքում դասապրոցեսն ընդհատվել է, սակայն աշակերտներն ու ուսանողները կկարողանան բացը լրացնել հեռավար ուսուցմամբ։