Ցեմենտի հայաստանյան արտադրությունը դարձյալ վտանգված է. Իրանում գինն անբնական ընկել է

էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ Իրանից ներկրվող ցեմենտի գներն անբնական ցածր են, ինչը պետտուրքի ավելացման դեպքում լուրջ սպառնալիք կարող է դառնալ հայաստանյան ցեմենտի արտադրության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Ցեմենտի արտադրության պետական տուրքը մեկ տոննայի դիմաց կպահպանվի 14000 դրամի սահմաններում ՝ առայժմ մինչև դեկտեմբերի 31-ը։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ ներկայացնելով պետտուրքի մասին օրենքում կառավարության առաջարկած փոփոխության նախագիծը։

Ընդդիմությունը ճիշտ էր, իրենք` սխալ. կառավարությունը վերանայում է ցեմենտի տուրքի օրենքը

«Մայիսին արդեն լրացուցիչ գործիքներով հանդես կգանք՝ կապված նրանից, թե լրացուցիչ ինչ շոկեր տեղի կունենան՝ կապված վերջին միջազգային զարգացումների հետ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ներկա վիճակին, ապա փոխնախարարի դիտարկմամբ՝ Իրանից ներկրվող ցեմենտի գներն անբնական ցածր մակարդակի են, ինչը պետտուրքի ավելացման դեպքում լուրջ սպառնալիք կարող է դառնալ հայաստանյան ցեմենտի արտադրության համար։

Իսկ թե ինչու է իրանական ցեմենտի գինն «անբնական» անկում ապրել՝ փոխնախարարը 3 հիմնական պատճառ առանձնացրեց։

«Իրանի տնտեսության աննախադեպ անկումը, ազգային արժույթի արժեզրկումն ու Իրանի նկատմամբ կիրառված տնտեսական սանկցիաների հետևանքով Իրանում արտադրվող ցեմենտի հումքի՝ կլինկերի պահանջարկն աննապադեպ ընկել է, ինչն էլ հանգեցրել է գների անկման»,- նշեց Ավանեսյանը։

Սայլը տեղից շարժվեց, մնաց` տեղ հասնի. «Արարատցեմենտում» ոգևորված չեն նոր նախագծով

Նշենք, որ այսօր Հայաստանում գործող օրենքով ներմուծվող ցեմենտի ու կլինկերի նկատմամբ պետական տուրք չի կիրառվում, իսկ Հայաստանում արտադրված ցեմենտի վրա 2019թ-ի հուլիսից սկսած` 1 տոննայի դիմաց 14 000 դրամի չափով տուրք է սահմանված։

Արդյունքում` «Արարատ ցեմենտ» գործարանում արտադրված տեղական ցեմենտի ինքնարժեքը կազմում է 36 200 դրամ, «Հրազդան ցեմենտ»–ում արտադրվածը` 39 500 դրամ։

Հայաստանը ճիշտ է վարվել` պաշտպանելով իր շուկան. ԵԱՏՄ ցեմենտ արտադրողների միության ղեկավար

Մինչդեռ, Իրանից ներկրվող ցեմենտի ինքնարժեքը 2019թ-ի տվյալներով, Էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով, շուրջ 18 000 դրամ է, իսկ Իրանից ներկրված կլինկերից ՀՀ–ում արտադրված ցեմենտի ինքնարժեքը` 26 000 դրամ։