Եգիպտոսում մնացած հայաստանցիներին հայրենիք վերադառնալու վերջին հնարավորություն է տրվում

Եգիպտոսի իշխանությունները մարտի 19-ից փակում են սահմանները։ ԱԳՆ–ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին Եգիպտոսից վերադառնալ Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ մարտի 19-ի գիշերը կայանալու է Շարմ էլ Շեյխ-Երևան վերջին չվերթը, որով Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիները Հայաստան գալու հնարավորություն կունենան։

Թռիչքն իրականացնելու է Air Cairo ավիաընկերությունը:

«Դրանից հետո դեռ տվյալներ չունենք, թե հաջորդ չվերթը երբ է կայանալու, ուստի հորդորում ենք մեր քաղաքացիներին, որոնք պլանավորում են վերադառնալ այնտեղից, վերադառնալ այդ չվերթով»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 19-ից փակում են երկրի սահմանները։

ՀՀ քաղաքացիները Ռուսաստանից Հայաստան կարող են վերադառնալ բացառապես ինքնաթիռով

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մարտի 18–ի դրությամբ հասել է 84–ի։

Կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Կորոնավիրուս. իրավիճակը Հայաստանում

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Հայաստանում մարտի 16–ից արտակարգ դրություն է հայտարարվել։

Մի քանի ժամում ավելի քան 43 միլիոն դրամ է հավաքվել կորոնավիրուսի կանխարգելման համար