Վարկ ստանալը հեշտացել է, վերադարձնելը` դժվարացել. ինչ է արվում ժամկետանց վարկերի համար

Բանկերն ու վարկային կազմակերպությունները միայն 2019թ–ին շուրջ 40 մլն դրամի ժամկետանց վարկ են ունեցել։ Վերջին 3 տարում այդ թիվը գերազանցել է 100 մլն–ը։ Վարկառուները սպասում են վարկային համաներման, իշխանությունը մերժում է առաջարկները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի — Sputnik. Նելլի Դանիելյան. Արմեն ու Մարինե Մարտիրոսյանները չեն կարողանում մեկնել Հայաստանից։ Պատճառն այս դեպքում ոչ թե աշխարհում տարածված կորոնավիրուսն է, այլ չմարած վարկը։

«7 տարի առաջ եղբորս վիրահատության համար գումար էր անհրաժեշտ։ Ստիպված բանկից վարկ վերցրեցի։ Հետո ֆինանսական վիճակս վատացավ, փոքր բիզնես ունեի, փակեցի ու չէի կարողանում վարկս մարել»,– ասաց Արմենը։

Բանկերն այնպես կանեն, որ հաճախորդները չկանգնեն վարկերի մարման խնդրի առաջ. Փաշինյան

Չմարած վարկը, նրա խոսքով, նոր պարտավորություններ առաջ բերեց` տույժերի ու տուգանքների ձևով։ Հիմա արդեն նոր աշխատանք է գտել, ու ամեն ամսվա աշխատավարձից բանկն իր քարտից պահումներ է անում վարկի դիմաց։

«Ծանոթներիցս մեկը ինձ ու կնոջս արտասահմանում սեզոնային աշխատանք առաջարկեց, որոշեցինք գնալ։ Հա՛մ վարկից կպրծնեինք, հա՛մ էլ ընտանիքիս գումար կուղարկեի»,– անթաքույց ափսոսանքով ասաց Արմենը` հավելելով, որ չմարված վարկի պատճառով իրենց թույլ չեն տվել մեկնել Հայաստանից։

Այսօրինակ պատմությունները Հայաստանում եզակի չեն։ Նման իրավիճակում հայտնված մարդկանց աջակցելու համար ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հանդես էր եկել օրենսդրական առաջարկությամբ` զիջել ժամկետանց վարկերի տույժ տուգանքները` դրանով իսկ խթանելով մայր գումարների վերադարձը։

Նախաձեռնությունը, սակայն վերաբերում է ոչ բոլոր վարկերին, այլ միայն նրանց, որոնք անցել են դատական ամբողջ գործընթացով ու դատարանի վճռով ճանաչվել անհուսալի։ Նախագծի հեղինակի տվյալներով` նման վարկերի ընդհանուր ծավալն այսօր բանկային համակարգի արտաբալանսում շուրջ 500 մլրդ դրամ է։

«Մեր առաջարկը հետևյալն էր. հնարավորություն տալ, որ վարկի մասնակի մարման կամ զիջման պարագայում այստեղից հարկեր չառաջանան։ Այս տարբերակն օգտակար է և՛ քաղաքացիներին, և՛ բանկերին ու վարկային կազմակերպություններին, և՛ պետությանը»,– ասաց նա։

Այսօր գործող կարգի համաձայն` վարկերը զիջելու իրավունք ունեն միայն բանկերը կամ վարկային կազմակերպությունները։ Բայց այդ դեպքում ֆինանսական կազմակերպությունները դրա դիմաց հարկվում են, հետևաբար, նրանց դա ձեռնտու չէ։

«Վարկավորման ինստիտուտը շատերի համար շարունակում է մնալ ոչ մատչելի». Մարգարյան

«Արդյունքում` այսօր արտաբալանսում հաշվառված որևէ վարկային պարտավորություն չի մարվում»,– ասաց Թանդիլյանը։

Մինչդեռ, եթե վարկերը զիջվեն պետության կողմից, դրանք կզիջվեն հարկերի հետ միասին։ Բայց անգամ այդ դեպքում, պատգամավորի համոզմամբ, պետությունը չի տուժի, քանի որ այդ հարկերն այսպես թե այնպես չեն վճարվում։

«Այ, եթե վճարման հնարավորություն լիներ, ես կասեի, որ կորցնում է, բայց այս հարկերը գոյություն էլ չեն ունենալու, որովհետև մարդիկ չեն մարելու, քանի որ դատական ամբողջ պրոցեսներն անցել են ու ճանաչվել են անվճարունակ»,– պարզաբանեց Մանե Թանդիլյանը։

Եվրասիական բանկն ուզում է վարկ տալ Զանգեզուրի կոմբինատին ու «Սպայկային»

Ինչևէ, Ազգային ժողովի մեծամասնությունը մերժեց Մանե Թանդիլյանի ներկայացրած նախագիծը, ինչի մասին հեղինակն ափսոսանքով է խոսում` հավելելով, որ մասնակի մարման դեպքում վարկառուները կկարողանային բարելավել իրենց վարկային պատմությունն ու իրավունք կստանային նոր վարկեր ստանալ։

Նշենք, որ վարկերն անհուսալի են համարվում, ու անցնում ֆինանսական կազմակերպության արտաբալանս, երբ դրանք 270 օր շարունակ չեն վճարվում ու սպասարկվում։

Չմարված վարկերի վիճակագրությունը Հայաստանում այսօր էլ շարունակում է աճել։ ԿԲ–ից Sputnik Արմենիային տրամադրած տվյալների համաձայն` 2017թ–ին գրանցվել է 33 183 000 դրամի ժամկետանց վարկ, որից 32 782 000–ը` բանկերում, 1 401 000-ը վարկային կազմակերպություններում, 2018թ–ին գրանցվել է 33 081 000 դրամի ժամկետանց վարկ` 30 710 000–ը` բանկերում, 2 371 000–ը` վարկային կազմակերպություններում, 2019թ–ին ժամկետանց վարկերն արդեն 38 415 000 դրամի են հասել, որից 30 954 000–ը` բանկերում, 7 461 000–ը` վարկային կազմակերպություններում։ Այս թվերը վկայում են, որ բանկերում իրավիճակը գրեթե անփոփոխ է, մինչդեռ վարկային կազմակերպություններում յուրաքանչյուր հաջորդ տարի ժամկետանց վարկերի ծավալը կրկնակի աճել է։

Մասնագետների համոզմամբ` պատճառն այն է, որ վարկային կազմակերպություններում վարկ ստանալն ավելի արագ ու հեշտ է, քան բանկում, չնայած այն բանին, որ դրանցում տոկոսադրույքներն անհամեմատ ավելի բարձր են, պայմաններն էլ` անհամեմատ ավելի վատ։ Փոխարենը դրանք բաց են անգամ գիշերային ժամերին, վարկի ձևակերպումն էլ րոպեներ է տևում։

Վարկերի տոկոսների նվազման հույսեր կան. վարչապետը նոր թվեր է ներկայացրել

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի բնորոշմամբ` վարկային կազմակերպություններն ագրեսիվ մարքեթինգային քաղաքականություն են վարում ու բանկերից խլում են նրանց պոտենցիալ հաճախորդներին։

«Վարկային հայտնի կազմակերպությունները վերջին տարիներին մի քանի անգամ ավելացրել են իրենց վարկային պորտֆելն ու շահութաբերությունը։ Եթե նայում ենք բանկերի վարկավորման ծավալներին, ապա տեսնում ենք վարկային կազմակերպությունների վարկավորման ծավալներն ավելի արագ են աճել, քան բանկերի ծավալները»,– Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան ասաց տնտեսագետը։

Ստեղծված իրավիճակում Պարսյանը պատահական չի համարում, որ իշխանությունը վարկային կազմակերպություններին զսպող նախաձեռնություններով է հանդես գալիս, որոնք ձեռնտու են նաև բանկերին։

Դրանց շարքում Պարսյանը դիտարկում է նաև փոխանակման կետերի տուրքերն ավելացնելու որոշումը, որի արդյունքում բազմաթիվ կետեր փակվեցին, իսկ բանկերը շահող դուրս եկան։

ՀՀ կենտրոնական բանկը հավաքում է «կորոնավիրուսոտ» փողերը

Մեկ այլ օրինակ է նաև 10 և ավելի աշխատող ունեցող ընկերությունների` աշխատավարձերը փոխանցման եղանակով վճարելու օրենքը, որից դարձյալ բանկերը շահեցին, քանի որ բանկային փոխանցումների դեպքում բոլոր նրանք, ովքեր չվճարված վարկեր ունեին, ստիպված եղան բացահայտել իրենց եկամուտները։ Ավեին` բանկերն այս օրենքով իրավունք ստացան վարկառուի աշխատավարձի 20 տոկոսի չափով ամեն ամիս քարտից միանգամից վերցնել։

«Եթե նախկինում չէին վճարում, սպասում էին մինչև 1 մլն–ն անցնի, որ դիմեին բանկ` սնանկ ճանաչվելու համար, հիմա արդեն չեն կարողանում այդպես անել, որովհետև իրենց աշխատավարձից բանկը գումարն ուղղակի տանում է»,– ասաց Պարսյանը։

Ֆինանսական համակարգում տեղի ունեցող գործընթացները Սուրեն Պարսյանը կապում է քաղաքական շրջանակներում դրանց ունեցած սերտ կապերի հետ։

«Ըստ էության, պետություն են դարձել պետության մեջ։ Պատահական չէ, որ նրանց լոբբինգի միջոցով բազմաթիվ` իրենց համար կարևոր օրենքներ են ընդունվում, որից շահում է բանկային ոլորտը»,– ասում է Պարսյանը։

Կառավարությունը լուծարեց Տիգրան Սարգսյանի ստեղծած ընկերությունը. վարկը մնաց բյուջեի վրա

Հիշեցնենք, ՀՀ Ազգային ժողովը փետրվարի 11-ին մերժել էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծը նստաշրջանի օրակարգում ներառելու առաջարկը։ Մինչ այդ օրինագծին բացասական եզրակացություն էր տվել նաև գլխադասային հանձնաժողովը։

Այս քննարկումների արդյունքում ՀՀ բազմաթիվ քաղաքացիների, այդ թվում` մեր հոդվածի հերոս Մարտիրոսյան ընտանիքի մոտ այն տպավորությունն էր ստեղծվել, թե իշխանությունը մտադիր է զիջել բոլոր ժամկետանց վարկերը։ Իրականում նման մտադրություն իշխանության օրակարգում առայժմ չկա։