Ժամանակավորապես կասեցվում է քաղաքացիների մուտքը ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժին

Կորոնավիրուսի պատճառով փոփոխություններ են կատարվել նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատանքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik.Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ 2020 թվականի մարտի 18-ից ժամանակավորապես կասեցվում է քաղաքացիների մուտքը դեսպանատան հյուպատոսական բաժին՝ հյուպատոսական, նոտարական և պետական ծառայությունների մատուցման համար: Տեղեկությունը հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։

«Ժամանակավոր կացության թույլտվության ձևակերպման հարցերով ընդունումը, որն իրականացվում է Հայաստանում Ռուսաստանի ներքին գործերի նախարարության (միգրացիայի հարցերով) ներկայացուցչությունում, նույնպես ժամանակավորապես կասեցվում է»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հյուպատոսական ընդունելության վերսկսման մասին կհայտարարվի լրացուցիչ։

Արտակարգ իրավիճակների դեպքում անհրաժեշտ է ուղարկել հաղորդագրություն consarmenia@mid.ru էլեկտրոնային հասցեին։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 64-ի։ Երեկվանից երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։