Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 72-ի

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ նոր տվյալներ ներկայացրեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ կորոնավիրուսով վարակման ևս 8 նոր դեպք է հայտնաբերվել:

«Ունենք ևս 8 հաստատված դեպք: Վարակված անձանցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»»,– Facebook–ի իր էջում գրել է նախարարը։

Վարակված անձանց ընդհանուր թիվը դարձավ 72, մեկն արդեն առողջացել է։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Գարեգին Բ–ն հորդոր է հղել կորոնավիրուսի առնչությամբ. համազգային աղոթքի օր է լինելու

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Հայաստանում երեկվանից արտակարգ դրություն է հայտարարվել։