Հայաստանում արտակարգ դրությունը համակարգող պարետատունն առաջին նիստն է գումարել

Տիգրան Ավինյանը կարևորել է բյուրոկրատական անհարկի քաշքշուկներից խուսափելու ու արագ գործելու անհրաժեշտությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 17-ին, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը։ Ինչպես հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, պարետ Տիգրան Ավինյանը կարևորել է, որ արտակարգ դրության պայմաններում պետական մարմիններն առավել արագ ու ճկուն գործեն, առանց ավելորդ բյուրոկրատական քաշքշուկի։

«Բոլոր սահմանափակող միջոցառումները պետք է ուղեկցվեն հստակ մեթոդական ցուցումներով, որպեսզի յուրաքանչյուր իր պարտականությունները կատարող պաշտոնյա իմանա, թե ինչ է պետք անել ու ինչ քայլերի հերթականություն ինքը ունի անելու։ Եվ այդ ամեն ինչը պետք է շատ հստակ լինի»,– ասել է նա։

Առողջապահության նախարարը ներկայացրել է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հետ կապված իրավիճակը: Նիստի մասնակիցները կարևորել են քաղաքացիական գիտակցության ու զգոնության դերը և լրացուցիչ անվտանգության միջոցառումները:

Ո՞վ կպաշտպանի արտակարգ դրության պատճառով աշխատանքից հեռացվածների իրավունքները

Կարևորվել է նաև Ոստիկանության դերը հանրային միջոցառումների արգելքի ռեժիմը վերահսկելու գործում, ինչպես նաև՝ մարզպետների ու Երևանի քաղաքապետի դերը մարզերում ու Երևանում՝ վերահսկողական գործողությունների կոորդինացման գործում։

Նիստի մասնակիցները քննարկել են սոցիալ–տնտեսական անհրաժեշտ միջոցառումները` տնտեսությունը ակտիվացնելու ու կորոնավիրուսի ազդեցությունը սոցիալական տարբեր խմբերի վրա մեղմելու համար։

Անդրադարձ է կատարվել նաև մի շարք երկրների հետ հաղորդակցության ու վիզային ռեժիմներին վերաբերող հարցերի։

Պաշտպանության նախարարությունում դադարեցվում է թղթային տարբերակով որևէ գրության ընդունումը

Հիշեցնենք՝ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ` փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշանակվել է պարետ և համակարգում է վարակի կանխարգելմանն ուղղված իշխանությունների գործողությունները։

Այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 72 հաստատված դեպք կա։