Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 52-ի

Կորոնավիրուսի նոր դեպքերի վերաբերյալ տեղեկությունը հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի –Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացավ ևս 7-ով` հասնելով 52-ի։ Այս մասին Facebook-ի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դեպքերից 12-ը կապված են Էջմիածնի դեպքի հետ և որևէ ախտանշան չեն ունեցել մինչ այս պահը։ Նոր դեպքերի մի մասը կապված է երեկ արտադրամասում հայտնաբերված դեպքերի հետ և կան մի շարք նոր դեպքեր, որոնց համաճարակաբանական հետաքննությունը ընթացքի մեջ է և մենք փորձում ենք պարզել վարակի աղբյուրը և պարզել, թե ինչ շփման շրջանակ են նրանք ունեցել, որպեսզի միջոցներ կիրառենք»,- նշել է նա։

Նախարարը ևս մեկ անգամ կոչ է արել խստորեն հետևել այն խորհուրդներին, որոնք հրապարակել է առողջապահության նախարարությունը, պահպանել հիգիենայի կանոններն ու ախտանշանների դեպքում դիմել բժշկի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված դեպքերը ավելացել են ևս 15-ով, իսկ մինչ այդ նշվում էր 30 դեպքի մասին։

Ըստ առողջապահության նախարարության տվյալների` կորոնավիրուսով վարակված առաջին քաղաքացին արդեն առողջացել է։