Ռուբեն Հայրապետյանին թույլ են տվել մեկնել Հայաստանից

Փաստաբանը պատրաստվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ տեղի ունեցած վերաբերյալ դիմել ոստիկանապետին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Սահմանապահ ծառայությունը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին թույլ է տվել մեկնել երկրից։ Տեղեկությունը հայտնում է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը։

Այսօր առավոտյան նա տեղեկացրել էր, որ Հայրապետյանի ելքը ՀՀ–ից ապօրինի արգելափակվել է։

«Տեղի ունեցածի պաշտոնական պարզաբանման համար առավոտյան դիմելու եմ ոստիկանապետին»,– Facebook–ի իր էջում գրել է փաստաբանը:

Հիշեցնենք` 2019–ի նոյեմբերի 13-ին Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկություններ էին իրականացրել Ռուբեն Հայրապետյանի առանձնատանն ու նրան պատկանող այլ շինություններում։ Մինչ այդ ոստիկանությունը հայտնել էր, որ ՀՖՖ նախկին նախագահին պատկանող բիզնեսների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում։ Իրավապահները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերություններում հնարավոր են չարաշահումների դեպքեր։

Հայրապետյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ 315-րդ հոդվածի 2-րդ մաս (պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մաս (խոշոր չափերով յուրացում), 325-րդ հոդվածի 2–րդ մաս (մի խումբ անձանց կողմից փաստաթղթեր կեղծելը) և 214-րդ հոդվածի 2-րդ մաս (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):

Ռուբեն Հայրապետյանը փետրվարի 4-ին բերման էր ենթարկվել ապօրինի զենք–զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ Սակայն 3 ժամ անց նրան ազատ էին արձակել։