Արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի կարող լինել. Փաշինյան

Հայաստանում նախանշված հանրաքվեն կարող է տեղափոխվել հունիսի 3-ից հետո։ Ժամկետը կորոշի ՀՀ նախագահը, որը հանրաքվե նշանակելու որոշումը կարող է կայացնել արտակարգ դրության ավարտից հետո եռօրյա ժամկետում
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Հայաստանում արտակարգ դրություն մտցնելու հարցն ԱԺ–ում քննարկելու ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավորների հարցին, ասաց, որ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե ունենալ չի կարող։

«Հանրաքվեն պետք է տեղի ունենա արտակարգ դրության ավարտից հետո ոչ շուտ, քան 50, ոչ ուշ, քան 60 օր հետո»,–ասաց Փաշինյանը։

Նշենք, որ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո ապրիլի 5-ին նախանշված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ավտոմատ կերպով է չեղարկվում, քանի որ ՀՀ Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում: Իսկ «Հանրաքվեի մասին» օրենքի 12-րդ հոդվածը նշում է, որ «ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չանցկացված հանրաքվեն անցկացվում է ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50 և ոչ ուշ, քան 65 օր հետո»:

Բժիշկն այցելել է, դուռը չեն բացել. Փաշինյանը խոսեց արտակարգ դրության անհրաժեշտության մասին

Քանի որ արտակարգ դրության ժամկետն, ըստ կառավարության ընդունած նախագծի, ավարտվելու է ապրիլի 14-ին, ապա հանրաքվեն կարող է նշանակվել միայն հունիսի 3-ից հետո։

Ժամկետը կորոշի ՀՀ նախագահը, որը հանրաքվե նշանակելու որոշումը կարող է կայացնել արտակարգ դրության ավարտից հետո եռօրյա ժամկետում:

Հիշեցնենք, որ այսօր կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում կայացրեց կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 30 դեպք է գրանցվել։ Մեկուսացված է շուրջ 380 քաղաքացի։

Արտակարգ դրության ընթացքում վարչապետը չի բացառում հարկադրանքի միջոցների կիրառումը