ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում արտակարգ դրություն հայտարարելու որոշումն ԱԺ-ում քննարկելու ժամանակ հայտնեց, որ Հայաստանի հիվանդանոցներում այս պահին 400 մահճակալ կա կորոնավիրուսով հիվանդներին ընդունելու համար։
«Բայց մենք ունենք մինչև 800-1000 հիվանդների տեղավորելու պատրաստվածություն տարբեր հիվանդանոցներում»,- ասաց նա՝ հավելելով, որ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից բացի, պատրաստվածության վիճակի են բերվել հայաստանյան ևս 3 հիվանդանոցներ, որոնցից մեկը մինչև 1500 հիվանդ տեղավորելու հնարավորություն ունի։
Նույնը, վարչապետի խոսքով, վերաբերում է նաև մեկուսացվողների համար նախատեսված տարածքներին։
«Այս պահին 310-ից ավելի մարդ մեկուսացված է։ Մենք մեր հաշվարկներով ունենք ևս 400 հոգու մեկուսացնելու պոտենցիալ»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ կառավարությունը որոշել է շարունակել մեկուսացման քաղաքականությունը, թեև աշխարհի շատ երկրներ այդ տարբերակը չեն կիրառում։
Բժիշկն այցելել է, դուռը չեն բացել. Փաշինյանը խոսեց արտակարգ դրության անհրաժեշտության մասին
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 30 դեպք է գրանցվել։ Մեկուսացված է շուրջ 380 քաղաքացի։ ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ դրություն հայտարարելու որոշում է կայացրել։
Արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի կարող լինել. Փաշինյան