Գարեգին Բ–ն հորդոր է հղել կորոնավիրուսի առնչությամբ. համազգային աղոթքի օր է լինելու

Եկեղեցին որոշել է միառժամանակ հրաժարվել պսակի արարողություններից, իսկ հուղարկավորությունների ժամանակ միայն գերեզմանի կարգ է կատարվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցին մարտի 18-ը հայտարարում է համազգային աղոթքի օր։

«Այդ օրը, ժամը 19:00-ին յուրաքանչյուրին հրավիրում ենք իր գտնվելու վայրում իր առանձնական աղոթքով միանալու հոգևոր դասին՝ հայցելով, որ Տիրոջ օգնականությամբ աշխարհը և մեր ժողովուրդը ի զորու լինեն միաբանությամբ, փոխադարձ զորակցության ոգով հաղթահարելու այս փորձությունը»,– նշված է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի` կորոնավիրուսի համավարակի առնչությամբ հրապարակված հորդորում։

Մինչև Ավագ Հինգշաբթի ընկած ժամանակահատվածի համար եկեղեցիների ծառայության ժամեր են սահմանվել յուրաքանչյուր օր` ժամը 9։00-ից մինչև 19։00-ը՝ հավատացյալների անհատական այցելությունների ու առանձնական աղոթքների, ինչպես և Սուրբ Հաղորդության և հոգևոր մյուս կենսական պահանջմունքների բավարարման համար։

Կորոնավիրուս. իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում

Սուրբ Պատարագի արարողություններն անցկացվելու են դռնփակ, առանց հավատավոր ժողովրդի մասնակցության՝ ըստ կարելիության տեղերում կազմակերպելով պատարագների հեռասփռումը։

Ծաղկազարդի տոնին չեղարկվելու է մանուկների օրհնության կարգը, Անդաստանի արարողությունը և ճյուղերի օրհնությունը կատարվելու են առանց հավատացյալների ներկայության։

Արտակարգ դրության ընթացքում վարչապետը չի բացառում հարկադրանքի միջոցների կիրառումը

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնին՝ ապրիլի 7-ին, չի կատարվելու մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգը, չեն կատարվելու Ս․ Պսակի արարողություններ, իսկ մկրտության խորհուրդը կատարվելու է խիստ անհրաժեշտության դեպքում (մկրտվողի հիվանդության պարագայում), հուղարկավորությունների ժամանակ կատարվելու է միայն Գերեզմանի կարգը՝ հորդորելով սգացյալներին ձեռնպահ մնալ հուղարկավորության և հոգեհացի մարդաշատ հավաքների կազմակերպումից։

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 30 դեպք է գրանցվել։ Մեկուսացված է շուրջ 380 քաղաքացի։ ՀՀ կառավարությունը երկրում արտակարգ դրություն հայտարարելու որոշում է կայացրել։

Բժիշկն այցելել է, դուռը չեն բացել. Փաշինյանը խոսեց արտակարգ դրության անհրաժեշտության մասին