ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Կա պարզ վիճակագրություն` վերջին 4 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը քառապատկվել–հնգապատկվել էր, ինչի համար էլ ուզում ենք, որ արտակարգ դրություն սահմանելու որոշում կայացվի։ Ազգային ժողովում արտակարգ դրություն մտցնելու հարցը քննարկելու ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ հենց այսօր որոշվեց արտակարգ դրություն մտցնել։
«Վերջին երկու օրերին մենք ունենում էինք կորոնավիրուսով վարակման 3-5 ախտորոշում։ Դրան գումարվեց այն, որ մի դպրոցականի մոտ ախտորոշվեց կորոնավիրուս, բացի այդ, ևս մեկի մոտ բացահայտվեց, որն արտադրամասում է աշխատում։ Այս ամենը հիմք հանդիսացավ, որ մենք արտակարգ դրություն մտցնելու հարց բարձրացնենք»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ վարակակիրների թիվը փոխվելու վտանգ կա, ինչի համար էլ արտակարգ դրություն սահմանելու հարցն է առաջացել։
«ՀՀ-ում ըմբռնեցի՞ն խնդրի հրատապությունը». Հարությունյանը`արտակարգ դրության մասին
Նրա խոսքով` այս ընթացքում եղել են մարդիկ, որ կոնտակտավոր էին ու 3-4 օր թաքնվում էին բժիշկներից։ Բացի այդ, ըստ նրա, եղել են դեպքեր, որ ջերմություն ունեցող մարդիկ, երբ բժիշկը փորձել է այցելել նրանց տուն, դուռը չեն բացել բժշկի առաջ։ Իսկ պետությունը, ըստ վարչապետի, չունի իրավասություն այդ քաղաքացուն ստիպելու դուռը բացել։
Արտակարգ դրության համար սնունդ ամբարելու կարիք չկա. խանութները չեն փակվի
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 30 դեպք է գրանցվել։ Մեկուսացված է շուրջ 380 քաղաքացի։