ԱԺ նախագահը պատգամավորներին կոչ է անում պատրաստ լինել հատուկ նիստին

Արտակարգ դրության մասին կառավարության որոշումը 4 ժամվա ընթացքում պետք է քննարկվի խորհրդարանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Facebook-ում հայտնել է, որ ԱԺ խմբակցությունների ղեկավարներին խնդրել է ԱԺ հնարավոր հատուկ նիստի մասին զգուշացնել իրենց խմբակցությունների անդամներին։ ԱԺ աշխատակազմին ևս հրահանգել է պատրաստվել հնարավոր նիստին։

Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն` կառավարության՝ արտակարգ դրություն հայտարարվելու մասին որոշում ընդունելու դեպքում որոշման հրապարակումից հետո չորս ժամվա ընթացքում ԱԺ-ն գումարում է հատուկ նիստ։ Հարցի քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս վարչապետը կամ կառավարության ներկայացուցիչը։

Երևանի ռեստորանները մարտահրավեր են նետում կորոնավիրուսին

Զեկուցումից հետո նրան կարող են հարցեր ուղղել։ Հարակից զեկուցում չի լինում։ Մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն մշտական հանձնաժողովների և խմբակցությունների մեկական ներկայացուցիչներ:

Նիստը սկսելու համար քվորումի ապահովումը այս դեպքում պարտադիր չէ։ Անկախ այդ պահին ներկա ու գրանցված պատգամավորների թվից, նիստը կայանում է։ Իսկ ահա որոշումն ընդունելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի բացարձակ մեծամասնությունը, այն է` 67 կողմ ձայն։

Հիշեցնենք` ՀՀ-ում կամ որոշ հատվածներում արտակարգ դրություն հայտարարելու հարցով կառավարության նիստը նախանշված է 15։00-ին։

Ինչ իրավիճակ է աշխարհում կորոնավիրուսի տարածման առումով. նոր տվյալներ

Հայաստանում արդեն կորոնավիրուսով վարակվելու 30 դեպք է հաստատվել։ Առաջին վարակակիրը, որի մասին հայտնի դարձավ մարտի 1-ին, 29-ամյա մի տղամարդ էր, որն Իրանից էր եկել Հայաստան։ Նա արդեն կազդուրվել է։

Չի կարելի հրապարակել վարակակիր կամ վարակի կասկածով մարդկանց նույնականացնող տվյալներ. ՄԻՊ

Նշենք, որ կորոնավիրուսի տարածման օջախ դարձած Էջմիածնի 27 ելքերից գործելու են միայն 3-ը։ Առնվազն մինչև մարտի 23-ը ՀՀ-ում չեն գործելու կրթական հաստատությունները։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ` հատուկ առցանց հարթակներ են ստեղծվում հեռավար ուսուցում կազմակերպելու համար։ Չեն գործելու նաև թատրոնները, համերգասրահները, առևտրի խոշոր կենտրոնները, մի շարք մարզասրահներ։