ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Նախագահ Քոչարյանի ազատության հանձնախումբը տեղեկացրել էր, որ մարտի 17-ին` ժամը 13։00-ին, ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, դատարանում հանդես կգան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկությամբ։ Տեղեկությունը հայտնում է Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախումբը։
Հանձնախումբը, ՀՀ երկրորդ նախագահի կողմնակիցներին միաժամանակ հորդորում է` հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ չհավաքվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև։
Ավելի վաղ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնել էր, որ պատրաստվում է նիստերից մեկի ժամանակ ներկայացնել վարչապետների միջնորդությունը։
Հիշեցնենք, որ 2019 թվականի մայիսին դատավոր Դավիթ Գրիգորյանը Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ ազատ էր արձակել Ռոբերտ Քոչարյանին։
Սակայն հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բեկանել էր այդ որոշումը և կալանքի տակ վերադարձրել Քոչարյանին։
Հիշեցնենք`ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թ.–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ:
Սահմանադրական կարգը սյուն չէ, որ տապալել լինի. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀԱՊԿ նախկին նախագահ Յուրի Խաչատուրովին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին։