Կորոնավիրուսով վարակվածներից երկուսը Չարենցավանից են

Վարակն ընդլայնում է աշխարհագրությունը։ Վարակի տարածումը հասել է Չարենցավան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Կորոնավիրուսի վերջին հիվանդներից երկուսը Չարենցավանի բնակիչներ են։ Տեղեկությունը ԱԺ ամբիոնից հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարած հիվանդության նոր դեպքերին։

Արտակարգ դրությունը հաստատվեց առանց քվեարկության

Ավելի վաղ Թորոսյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է ևս 15-ով` հասնելով 45-ի։

Մինչ այս նշվում էր 30 վարակվածների մասին, որոնցից մեկն արդեն առողջացել է։

Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Գարեգին Բ–ն հորդոր է հղել կորոնավիրուսի առնչությամբ. համազգային աղոթքի օր է լինելու

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Հայաստանում այսօրվանից արտակարգ դրություն է հայտարարվել։