ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik, Կարինե Հարությունյան. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի հետ կապված շատերի մոտ մտավախություն կա` արդյո՞ք մեր երկիրը պատրաստ է կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը։ Այժմ կորոնավիրուսով վարակվածները բուժվում են Երևանի «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցում, սակայն պարզ է` հիվանդանոցի տեղերն անսահմանափակ չեն։
Sputnik Արմենիան զրուցել է Հայաստանի 10 մարզի պատկան մարմինների հետ` պարզելու, թե ի՞նչ իրավիճակ է և որքանո՞վ են մարզային հիվանդանոցները պատրաստ վարակի տարածման կանխարգելմանը։
Մեր հարցումների արդյունքում պարզվեց` Հայաստանի ոչ բոլոր մարզերում կան ինֆեկցիոն հիվանդանոցներ։ Դրանցից միայն երեքն ունեն մասնագիտացված ինֆեկցիոն ԲԿ–ներ` Վայոց Ձորը, Լոռին և Շիրակը։ Մասնավորապես, ինֆեկցիոն հիվանդանոց կա վերոհիշյալ մարզերի Վայք, Վանաձոր և Գյումրի քաղաքներում։ Ինֆեկցիոն հիվանդանոցների բացակայությունը, սակայն, չի նշանակում, որ մարզերում նման հիվանդությունների դեմ պայքար չի տարվում. յուրաքանչյուր մարզի ԲԿ–ներում կան ինֆեկցիոն բաժանմունքներ։
Հայաստանի 9 մարզերը (բացառությամբ Տավուշի, որտեղից տվյալներ չհայտնեցին) միասին ինֆեկցիոն հիվանդանոցներում կամ ԲԿ–ների ինֆեկցիոն բաժանմունքներում ունեն 394 մահճակալ։
Վայոց Ձորի մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Վասիլ Ասլանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ, օրինակ, իրենց մարզում ինֆեկցիոն հիվանդությունների համար կա առանձնացված 80 մահճակալ։
«Բացի այդ, ունենք մեկուսարաններ, որտեղ նույնպես պատրաստ են անհրաժեշտության դեպքում ընդունել կորոնավիրուսով հիվանդներին։ Մարզում ունեինք նաև վարորդներ, որոնք Իրանից էին եկել. նրանց 14 օրը լրացավ ու հաստատվեց, որ կորոնավիրուսով վարակված չեն»,–ասաց Ասլանյանը։
Նրա խոսքով` օրերս Վայոց Ձորում կոնֆերանս է անցկացվել կորոնավիրուսի թեմայով, և այն բուժհաստատությունները, որոնք «պակաս բաներ» ունեին, լրացրել են բացերը։
Ի դեպ, մարզային հիվանդանոցներում ամենամեծ խնդիրը կոնորավիրուսից պաշտպանվելու հատուկ արտահագուստն է, որը, ճիշտ է, կա, բայց ոչ բավարար քանակությամբ։ Որոշ ԲԿ–ներում էլ, պարզվում է, դեռ չունեն պաշտպանվելու հատուկ արտահագուստ։
Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Լեյլի Ասլանյանը հայտնեց, որ հունվարի 26-ից ուժեղ հսկողությամբ և հերթապահությամբ են աշխատում։ Ասլանյանը վստահեցնում է` մարզի ԲԿ–ները պատրաստ են կորոնավիրուսի տարածման կանխարգելմանը և դրա համար հատուկ քայլեր են իրականացրել։
«Ունենք ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ կար հակատուբերկուլոզային բաժանմունք, որը փակվել է։ Դրա տարածքն օգտագործել ենք` վերածելով մեկուսարանի։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ընդունել հիվանդների։ Մեզ մոտ խնդիր է դիմակների և արտահագուստի հարցը։ Տնօրենները փորձում են դիմակներ գնել, սակայն վաճառող չկա»,–ասաց Ասլանյանը։
Հատուկ արտահագուստ էլ չունեն, բժշկական խալաթ և ձեռնոցներ են ուղղակի կրում։
Հայտնի է, որ կորոնավիրուսի վարակման դեպք է հայտնաբերվել Էջմիածնի բնակիչ մի կնոջ մոտ, որը օրերս էր վերադարձել Իտալիայից, և որից մեկ տասնյակից ավելի մարդ է վարակվել։ Կինը բուժում է ստանում Երևանում` «Նորք» ինֆեկցիոն ԲԿ–ում։ Արմավիրի (որի կազմում էլ գտնվում է Էջմիածինը) առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հարությունյանը տեղեկացրեց` մարզում ինֆեկցիոն հիվանդանոց չկա, բայց կան բաժանմունքներ։ Նրա խոսքով` քննարկումներ ու աշխատանքներ են իրականացնում` կորոնավիրուսի կանխարգելման համար, իսկ ինֆեկցիոն հիվանդությունների համար նախատեսված 60 մահճակալ ունեն։ Հարությունյանը նույնպես մատնանշեց արտահագուստի խնդիրը` ասելով, որ արտահագուստի դեֆիցիտ ունեն։
Մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ղեկավարները նաև հայտնում են` դիմակների, արտահագուստի խնդրի մասին տեղյակ են պահել առողջապահության նախարարությանը։
Թուրքմենստանում գիտեն կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցը
Ի դեպ, ճիշտ է, մարզերում ինֆեկցիոն հիվանդությունների բուժման համար առկա է 394 մահճակալ, սակայն բոլոր մարզերն ունեն նաև եղածն ընդլայնելու հնարավորություն։ Արտակարգ իրավիճակների, սուր շնչառական վարակների ակտիվացման ժամանակ հենց այդ հնարավորություններն են օգտագործվում ։
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 15–ի դրությամբ կա կորոնավիրուսով վարակման 23 դեպք, որոնցից 16-ը փոխկապակցված են Էջմիածնի հայտնի դեպքի հետ։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հիվանդների թվում նաև դպրոցահասակ երեխա կա։ Նա սովորում է Էջմիածնի դպրոցներից մեկում։ Մեկուսացվել են երեխայի ուսուցիչները, դասընկերներն ու նրանց ծնողները։