ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ «Մարտի 1 »-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի ձերբակալման մասին ռուսական կողմն արդեն տեղեկացրել է ՀՀ ոստիկանությանը։
«Սահմանված կարգով կնախաձեռնվի էքստրադիցիոն գործընթացը»,- ասել է Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ Վահագն Խաչատրյանը ձերբակալվել է Մոսկվայում երեկ` մարտի 14–ին։ «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը, հղում անելով իրավապահ մարմիններում իրենց աղբյուրներին, հաղորդել էր, որ մարտի 14-ին ոստիկանությունը Մոսկվայում ձերբակալել է 2008 թվականին Երևանի փողոցներում զանգվածային անկարգությունների գործը հետաքննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին։
Հաղորդվում է, որ Հարությունյանին տեղափոխել են Տվերսկոյ վարչական շրջանի դատախազություն՝ արտահանձնման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ ստուգումների համար։
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին
Հարությունյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ Քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ «քննիչի կողմից քրեական գործով ապացույցներ կեղծելուն օժանդակելը», 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ» և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով»։
Հարությունյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել դեռևս 2018 թվականի հոկտեմբերին։