ԵՐԵՎԱՆ, 15 մարտի — Sputnik. Կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք է գրանցվել Հայաստանում: Տեղեկությունը Facebook-ի իր էջի միջոցով հաղորդել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով`3-ից 2-ը փոխկապակցված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել: Մյուս դեպքը արձանագրվել է Մեղրի քաղաքում` Իտալիայից վերջերս վերադարձած մեր քաղաքացու մոտ:
«Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 26 դեպք: Մինչ օրս կատարվել է նոր կորոնավիրուսի հայտնաբերման 577 հետազոտություն: Այս պահին մեկուսացված է 300 քաղաքացի: Նոր դեպքի հետ սերտ շփում ունեցողները հայտնաբերվում են, որպեսզի մեկուսացվեն»,–գրել է նախարարը` հավելելով, որ այսօր կլինի ևս մեկ թարմացում:
Հավելենք, որ կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք հաստատվել էր այսօր առավոտյան։ Վարակվածներից 21 պացիենտի առողջական վիճակը բավարար է, այդ թվում` նաև դպրոցահասակ երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։ Առնվազն մինչև մարտի 23 -ը ՀՀ-ում չեն գործի կրթական հաստատությունները։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ հատուկ օնլայն հարթակներ են ստեղծվում հեռավար ուսուցման կազմակերպման համար։
Սլովակիայում արտակարգ դրություն է, Ավստրիան խզում է օդային կապը մի շարք երկրների հետ