Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 23-ի. Արսեն Թորոսյան

21 պացիենտների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի-Sputnik.Հայաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն արդեն 23 է։ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր պաշտոնական էջում տեղեկացրել է, որ նոր կորոնավիրուսի 52 հետազոտություն է անցկացվել։ Դրանցից 49-ը եղել են բացասական, իսկ 3-ը՝ դրական:

«Բոլոր նոր դրական դեպքերը կապված են «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված են եղել»,- գրել է նախարարը:

Նա նաև նշել է, որ 23 պացիենտներից 1-ի կրկնակի հետազոտության պատասխանը կլինի այսօր երեկոյան։ Բացասական լինելու դեպքում նա դուրս կգրվի հիվանդանոցից:

Թուրքմենստանում գիտեն կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցը

«21 պացիենտների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` երեխայի: Մյուս 2 պացիենտի մոտ առկա է թոքաբորբ, նրանց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում»,- նշել է Թորոսյանը:

Հիշեցնենք, որ այս պահին կորոնավիրուսով վարակման 23 դեպքերից 16-ը փոխկապակցված են Էջմիածնի հայտնի դեպքի հետ։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ հիվանդների թվում նաև դպրոցահասակ երեխա կա։ Նա սովորում է Էջմիածնի դպրոցներից մեկում։ Այս պահին մեկուսացվում են երեխայի դասընկերներն ու ուսուցիչները։