ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Գինեսի ռեկորդների դիրքը համալրվեց ևս մեկ ռեկորդով, որը սահմանել է 25-ամյա հայ մարզիկ Ահարոն Վիրաբյանը։
Վիրաբյանին հաջողվել է անել այն, ինչը ոչ ոքի չէր հաջողվել. նա մեկ րոպեում 61 հենում պառկած վարժություն է արել բութ մատներով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում մարզիկն ասաց, որ նախորդ ցուցանիշը մեկ րոպեում 40 անգամն է եղել։
«Ռեկորդը չորս ամիս առաջ է սահմանվել, սակայն այն միայն օրերս են հաստատել ու ներառել Գինեսի ռեկորդների գրքում»,-ասաց Վիրաբյանը։
Մարզիկն ընդհանուր առմամբ սահմանել է յոթ ռեկորդ, որոնք ներառված են Դյուցազնագրքում։
2018 թվականին Վիրաբյանն աշխարհի չեմպիոն է դարձել ժողովրդական պառկած հրում վարժությունում, 2019-ին հաղթել է փողոցային որքաութի աշխարհի առաջնությունում։
Սերն այս մարզաձևի հանդեպ Ահարոնի մոտ առաջացել է բանակում ծառայության ժամանակ։ Նա այն ժամանակ Հայաստանի մասշտաբով ռեկորդ է սահմանել։ Դրանից հետո որոշել է ավելի մեծ հաջողության հասնել ու Գինեսի ռեկորդների գրքի համար տասը ռեկորդ սահմանել։
«Հաջողության գաղտնիքն անդադար մարզվելն ու սեփական ուժերին հավատալն է։ Ամեն ինչ գլխում է, ոչ թե մկանային զանգվածի մեջ»,- վստահ է Վիրաբյանը։
Հայ դյուցազունները՝ Դյուցազնագրքում
Մարզիկը պատրաստ է գերազանցել իր իսկ ռեկորդն ու նորը սահմանել։ Հիմա նա Մոսկվայում որքաութի մարզիչ է աշխատում։ Ռուսաստանում նրան «հայկական Բրյուս Լի» են անվանում, քանի որ նա գերազանցել է երկու մատների վրա հենում պառկած վարժություն կատարելու` լեգենդար դերասանի ռեկորդը։
Վիրաբյանի սաները նույնպես պատրաստվում են համաշխարհային ռեկորդ սահմանել։