Որոշ չվերթերի ուղևորներ կարող են կարանտին տեղափոխել. «Զվարթնոց» օդանավակայան

Այսօր Իտալիայից Երևան ժամանող ոչ կանոնավոր չվերթի ուղևորներն օդանավակայանից դուրս են բերվելու հատուկ ելքով. նրանց հանդեպ կարանտինային հսկողություն է իրականացվելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ նախազգուշացնելով, որ Հայաստան ժամանող ուղևորների մի մասը կարող է կարանտինային հսկողության տակ տեղափոխվել։

Մի քանի ավիաընկերություններ վերանայել են իրենց չվացուցակը. չվերթեր են չեղարկվում

«Հաշվի առնելով երկրում և ամբողջ աշխարհում ստեղծված վիճակը՝ չենք բացառում, որ իրավիճակից ելնելով՝ որոշ չվերթերի ուղևորներ վերցվեն սանիտարակարանտինային հսկողության տակ»,- նշված է հաղորդագրության մեջ։

 Օդանավակայանի լրատվական ծառայությունը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ նման սանիտարակարանտինային հսկողության ենթարկվելու են միայն մարտի 15-ին Իտալիայից Երևան ժամանող ոչ կանոնավոր չվերթի ուղևորները, որոնք օդանավակայանից դուրս են բերվելու հատուկ ելքով:

Հայաստանի ավիակարգավարները ինքնամեկուսացվել են

Հաղորդագրության մեջ նաև նշված է, որ ներկա պահին օդանավակայանի աշխատանքներն իրականացվում են բնականոն հունով, նախատեսված չվերթերն ընդունում և ճանապարհում են չվացուցակով։