Խանութներում ապրանք կա, դիմակների թիվն էլ 1 միլիոնի է հասնում. ՏՄՊՊՀ հայտարարությունը

Խոշոր առևտրային ցանցերը վստահեցնում են, որ ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ, քիչ չէ նաև բժշկական դիմակների թիվը, բայց ստեղծվել են նաև դիմակների տեղական արտադրություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վստահեցնում է, որ մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա. առևտրային ցանցերն ունեն բավարար պաշարներ։

Հետո ավելի եռանդով կհամբուրվեք, կամ ինչպես են կորոնավիրուսը սանձում Հայաստանում

«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ն մշտական կապի մեջ է գտնվում հանրապետության խոշոր առևտրային ցանցերի հետ և պարբերաբար իրականացնում է պարենային և ոչ պարենային ապրանքների պաշարների և գների մշտադիտարկումներ: Խոշոր առևտրային ցանցերի հավաստմամբ՝ իրենք ունեն պահեստավորված բավարար քանակությամբ ապրանքներ և մեծաքանակ գնումներ կատարելու անհրաժեշտություն չկա: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առևտրային ցանցերն առաջարկում են նաև առցանց առաքման ծառայություններ և, հաշվի առնելով Առողջապահության նախարարության հորդորները մարդկային կուտակումներից խուսափելու վերաբերյալ, կոչ ենք անում օգտվել այդ ծառայություններից»,– նշված է հանձնաժողովի հայտարարության մեջ։

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տեղեկացնում է նաև, որ մշտական կապի մեջ է հանրապետության խոշոր դեղատների, ինչպես նաև արտադրող և ներմուծող ընկերությունների հետ և պարբերաբար իրականացնում է բժշկական դիմակների և հակամանրէային ախտահանիչ նյութերի պաշարների և գների մշտադիտարկման աշխատանքներ:

«Այս պահին ընդհանուր առմամբ հանրապետությունում հակամանրէային ախտահանիչ նյութերի օրական արտադրությունը կազմում է շուրջ 6-7 տոննա: Ինչ վերաբերվում է բժշկական դիմակներին՝ հայտնում ենք, որ համաձայն տնտեսավարողների ներկայացրած տվյալների՝ հանրապետությունում առկա է շուրջ 1 մլն հատ բժշկական դիմակ: Այս ընթացքում ստեղծվել են նաև դիմակների տեղական արտադրություններ, սակայն արտանդրանքի քանակը փոքր է»,– հայտնում է հանձնաժողովը:

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի 15 հաստատված դեպք կա, վարակակիրներից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ: Հիշեցնենք, որ մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք էր հայտնաբերվել։ Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու։ Դրանից հետո կինը մասնակցել է որդու նշանադրությանը։ Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց` կինը թաքցրել է, որ ջերմություն ունի, և կաթիլային ընդունելուց հետո գնացել է որդու նշանադրությանը։

Որն է կորոնավիրուսի պատճառով սպասվելիք ճգնաժամի առանձնահատկությունը, ու ինչ կարելի է անել