«Կորոնավիրուսից փախչելն անհեթեթություն է». Տաթևիկ Ռևազյանն ասել է` ինչու է մեկնել Դանիա

Քաղավիացայի կոմիտեի ղեկավարը հաստատել է, որ իր փոքրիկը նաև Դանիայի քաղաքացիություն է ունենալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Քաղավիացայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը վստահեցնում է, որ Դանիա մեկնելու պատճառը կորոնավիրուսից փախչելը չէ։

Hraparak.am–ն այսօր հայտնել էր, որ նա երկիրը լքել է Հայաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով։ Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել Տաթևիկ Ռևազյանի հետ։ Նա տեղեկացրել է, որ հղիության պատճառով այժմ գտնվում է արձակուրդում։

Զվարճալի դեպք ԱԺ–ում. Տաթևիկ Ռևազյանը չէր գտնում Ալեն Սիմոնյանին

«Դանիայում իմ գտնվելը որևէ կապ չունի ո՛չ կորոնավիրուսի, և ո՛չ էլ երեխայիս քաղաքացիություն ստանալու հետ։ Դանիան այժմ շատ ավելի վտանգավոր է վիրուսի տարածման առումով, քան Հայաստանը, ուստի «կորոնավիրուսից փախնելը» անհեթեթություն է։ Դանիա մեկնել եմ ընտանիքիս կողքին լինելու համար։ Ֆիզարձակուրդը պետք է սկսեր մարտի 20-ից, սակայն հաշվի առնելով, որ նույն կորոնավիրուսի պատճառով Դանիայի կառավարությունը որոշում էր կայացրել փակել իր սահմանները, ես որոշեցի մեկնել հիմա՝ օգտվելով նախորդ տարվանից մնացած արձակուրդից»,- ասել է Ռևազյանը։

Ինչ վերաբերում է երեխայի քաղաքացիությանը, նա նշել է, որ Հայաստանում ծննդաբերելու պարագայում էլ երեխան կարող է Դանիայի քաղաքացի դառնալ, քանի որ այդ երկրի օրենսդրությամբ երեխայի քաղաքացիությունը որոշվում է նրա մոր քաղաքացիությամբ։

«Իմ երեխան լինելու է Դանիայի և Հայաստանի երկքաղաքացի, քանի որ 2017 թվականին, երբ ես տեղափոխվեցի Հայաստան, առաջին քայլս քաղաքացիություն ստանալը եղավ», - հայտնել է Ռևազյանը։

Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարն իր հղիության մասին ավելի վաղ հայտնել էր Sputnik Արմենիային։ Նա կատակել էր, թե վախենում է` երեխան ծնվի ու մայրիկին ծեծի իրեն այսքան տանջելու համար։ Ռևազյանն ասել էր նաև, որ մի քանի ամսով կմեկնի դեկրետային արձակուրդ։  

Նշենք, որ Հայաստանում այս պահին կորոնավիրուսով վարակվելու 20 հաստատված դեպք կա։