Սարգսյանը կորոնավիրուսի թեմայով զրուցել է ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ

ԱՀԿ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ կազմակերպությունն ուշադրության կենտրոնում կպահի իրավիճակը Հայաստանում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ի ուշ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հետո ավելի եռանդով կհամբուրվեք, կամ ինչպես են կորոնավիրուսը սանձում Հայաստանում

Հանրապետության նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենն այս տարվա փետրվարին Մյունխենում տեղի ունեցած իրենց հանդիպումից հետո կրկին անդրադարձել են աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակին և միտումներին, դրա հնարավոր հետևանքներին, ինչպես նաև՝ վարակի կանխարգելմանը և բուժմանն ուղղված միջոցառումներին:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպության կողմից Հայաստանին ցուցաբերված տեխնիկական և մասնագիտական աջակցության համար, որի մասին նշվել էր Մյունխենի հանդիպման ընթացքում:

ԱՀԿ կողմից պանդեմիայի հայտարարումը խոսում է իրավիճակի բարդության մասին և էլ ավելի է կարևորում այս իրավիճակում միջազգային և ազգային ջանքերը համատեղելու, պետությունների կողմից համատեղ և համաձայնեցված գործելու անհրաժեշտությունը, մասնավորապես՝ սահմանային հսկողության, բնակչության տեղաշարժի և փոխօգնության առումով, ինչը հատկապես էական է Հայաստանի պարագայում: Այս համատեքստում ԱՀԿ գլխավոր տնօրենն ընդգծել է, որ կազմակերպությունն ուշադրության կենտրոնում կպահի իրավիճակը Հայաստանում:

Հանրապետության նախագահը նշել է, որ համամիտ է ԱՀԿ տնօրենի մոտեցմանը՝ պետությունների կողմից կանխարգելման և հակազդման ազգային ռազմավարությունների մշակման անհրաժեշտության առումով և տեղեկացրել, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, իսկ գործողությունների ծրագրի համար շատ արժեքավոր կլինեն ինչպես կազմակերպության կողմից պետություններին առաջարկվող ազգային ռազմավարությունների ուղղություններն, այնպես էլ ԱՀԿ փորձագետների ակտիվ ներգրավվածությունը:

Նախագահը կարևորել է նաև արդեն իսկ Հայաստանում գտնվող՝ ԱՀԿ մասնագետների խորհրդատվական գործունեությունը՝ նշելով դրա շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ մասնագետներ ու փորձագետներ ներգրավելու անհրաժեշտությունը:

Որն է կորոնավիրուսի պատճառով սպասվելիք ճգնաժամի առանձնահատկությունը, ու ինչ կարելի է անել

Հանրապետության նախագահն անհրաժեշտ է համարել նոր կորոնավիրուսի վարակի տարածումը հնարավորինս արագ հսկողության տակ վերցնելու միջոցառումների արդյունավետության մեծացումն ամբողջ աշխարհում։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ դրա համար պահանջվում է իշխանությունների և բնակչության կողմից խնդրի լրջության գիտակցում, ինքնակազմակերպում, բարձր պատասխանատվություն և կարգապահություն:
Հանրապետության նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենը խոսել են նաև նորարարության և ուսուցման միջոցով հիվանդության հաղթահարմանը, մասնավորապես՝ նոր կորոնավիրուսի ախտորոշմանը, պատվաստանյութի մշակմանն ու բուժմանն ուղղված հետազոտությունների մասին:

ԱՀԿ գլխավոր տնօրենը սիրով ընդունել է նախագահի՝ առաջիկայում Հայաստան այցելելու հրավերը:

Հանրապետության նախագահը ԱՀԿ գլխավոր տնօրենին առաջարկել է Հայաստանում այս տարվա հունիսի 6-8-ը նախատեսված՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում նրա մասնակցությամբ կազմակերպել քննարկում՝ նվիրված նոր կորոնավիրուսի կանխարգելման և բուժման նորարական միջոցներին, ինչպես նաև՝ պանդեմիկ իրավիճակներում պետությունների համար կենսական նշանակություն ունեցող խնդիրներին:

Հանրապետության նախագահը և ԱՀԿ գլխավոր տնօրենը պայմանավորվել են պարբերաբար տեղեկատվություն փոխանակել իրավիճակի վերաբերյալ։

Թորոսյանը չբացառեց հայտնի նշանադրության մյուս մասնակիցների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումը

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են նաև, որ հեռախոսազրույցին նախորդել էր նախագահի զրույցը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ, որը ներկայացրել է Հայաստանում նոր կորոնավիրուսի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը: Հեռախոսազրույցից հետո նախագահը տեղեկատվություն է տրամադրել նախարարին ԱՀԿ գլխավոր տնօրենի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և գլխավոր տնօրենի ներկայացրած առաջարկությունների մասին:

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի 15 հաստատված դեպք կա, վարակակիրներից միայն մեկի մոտ առկա է թոքաբորբ: Հիշեցնենք, որ մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք էր հայտնաբերվել։ Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու։ Դրանից հետո կինը մասնակցել է որդու նշանադրությանը։ Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց` կինը թաքցրել է, որ ջերմություն ունի, և կաթիլային ընդունելուց հետո գնացել է որդու նշանադրությանը։