ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ կառավարությունը Վրաստանի կառավարության հետ երկկողմ պայմանավորվածությունների արդյունքում որոշում է կայացրել մինչև մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Վրաստանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը:
Սահմանափակումները պայմանավորված են նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքներով։
«Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց։ Բացի այդ, դրանք չեն առնչվի նաև միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների անձնակազմներին և նրանց ընտանիքի անդամներին, ինչպես նաև պաշտոնական փոխայցելություններ իրականացնող պաշտոնատար անձանց»,–նշված է հաղորդագրության մեջ:
Փաշինյանն ու կինը հանձնել են կորոնավիրուսի ախտորոշման թեստերը
Նշենք նաև, որ Հայաստան և Վրաստանի միջև շարունակվելու է բեռնափոխադրումների բնականոն ընթացքը:
Հիշեցնենք, որ հարևան Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու 30 դեպք է հայտնաբերվել։
Հայաստանում արդեն իսկ կորոնավիրուսով վարակվելու 15 դեպք է հայտնաբերվել։ Հիվանդները բուժում են ստանում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Ծաղկաձորի «Գոլդեն փելեսում» կան մեկուսացվածներ. նրանք այն մարդիկ են, ովքեր շփվել են վարակակիրների հետ։
Կորոնավիրուսով վարակվածների, մահացածների և բուժվածների թիվն աշխարհում. նոր տվյալներ